Schuler St. Jakobs Kellerei-ը գալիս է Ռինդ. շվեյցարացի գործարարը՝ վարչապետի մոտ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, ով ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում:

Կարեն Կարապետյանը ողջունել է շվեյցարացի գործարարի՝ Հայաստանում գինեգործության ոլորտում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և կառավարության անունից ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել: «ՀՀ կառավարությունը կարևորում է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պատրաստ ենք կանգնել Ձեր կողքին և աջակցել Հայաստանում Ձեր բիզնեսի զարգացմանը», – նշել է վարչապետը:

Ջեյքբ Շուլերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և գոհունակություն հայտնել մեր երկրում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված պայմաններից: Նա ներկայացրել է Schuler St Jakobs Kellerei-ի գործունեությունը և նշել, որ Հայաստանում ստեղծված է բավական նպաստավոր միջավայր՝ բիզնես գործունեություն ծավալելու համար: Շվեյցարացի գործարարը նշել է, որ իր ներկայացրած ընկերությունը շահագրգռված է ներդրումային ծրագրեր իրականացնել գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում և նպաստել ոլորտի հետագա զարգացմանը:

***

Շուլեր ընտանիքը գինեգործությամբ է զբաղվում ավելի քան 300 տարի: Schuler St Jakobs Kellerei-ը պատկանում է գինեգործական ձեռնարկությունների թվին, որոնք ունեն սեփական գինու արտադրություն և վաճառքի ցանցեր: Ընկերությունն ունի 12 գինու խանութ, երկու գինեգործական տարածք Շվեյցարիայում և առաջարկում է ավելի քան 250 բացառիկ գինիներ՝ ամբողջ աշխարհից և արդեն Հայաստանից: