Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմազավակները կառավարությանն առաջարկներ են ներկայացնում. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
akcia

Բազմազավակ ընտանիքները հստակ գիտեն` ինչպես խթանել ծնելիությունը:  Նրանք    առաջարկներ են ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Սակայն դրանցից որեւէ մեկը ներառված չէ օրինագծում։ Հենց այդ պատճառով էլ այսօր նրանք կառավարության շենքի դիմաց էին. «Մենք առաջարկում ենք բնակարան տալ 4 երեխա ունեցող ընտանիքին՝  չգերազանցելով 1 տոկոսը եւ  25 տարով, բայց եթե ընտանիքում ծնվի 5-րդ երեխան, 30 տոկոսը կառավարությունը վերցնի իր վրա, 6-րդի դեպքում էլի 30 տոկոսը, իսկ 7-րդ երեխան ծնվելու դեպքում բնակարանը մնում է ընտանիքին»,- առաջարկը ներկայացնում է 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը: Նրանք բողոքում են՝ բազմազավակ ընտանիքները պետության կողմից անտեսված են։ «Եթե դու այսօր սոցիալապես անապահով ընտանիք ես, ընտանեկան նպաստ համակարգից չես օգտվում, ուրեմն բուժծառայությունները դառնում են վճարովի, այսինքն՝ բազմազավակը վճարելու է այնպես, ինչպես մյուսները»,- ասում է 10 երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանը:  Հայաստանում 7300 բազմազավակ ընտանիք կա, որտեղ ապրում է 30,000 երեխա: Ակցիայի մասնակիցներն առաջարկում են վերացնել, իրենց խոսքերով,  կոռումպացված ընտանեկան նպաստի համակարգը եւ յուրաքանչյուր երեխայի համար կոնկրետ գումար սահմանել՝ 30 հազար դրամ: Այսօր կառավարության շենքի դիմաց էին նաեւ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները: Նրանք  ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր  են կնքել եւ մինչ օրս չեն կարողացել բնակարանամուտ տոնել:    Բնակիչների խոսքերով՝  իրենց կազմակերպված թալանել են, իսկ այսօր էլ դատարաններում  պարզապես ժամանակ են շահում: «Մինչեւ այս դատական պրոցեսը չավարտվի, մենք իրավունք չունենք Եվրադատարան  դիմելու եւ մեր իրավունքները պաշտպանելու»,- ասում է Արուս Ֆանյանը: Իսկ նրանք ոչ միայն տուժել են կոոպերատիվին գումար վճարելով, այլև մինչեւ հիմա են տուժում թե բարոյապես, թե ֆինանսապես: Բնակիչները մեղադրում են  ՀՀԿ-ական, նախկին ԱԺ փոխնախագահ, այժմ՝ պատգամավոր  Հերմինե Նաղդալյանի ընտանիքին. «Դրա հետեւում կանգնած էր Հերմինե Նաղդալյանի ամուսինը, որը տոկոսչի էր,  14 բնակարան էր յուրացրել:  300 հազար գումար էր տվել 5 տոկոսով եւ հետո ասում էր ինքը տոկոսչի չի: Ես երեւի անձամբ չհասցնեմ, երեւի այն աշխարհում լինեմ, էլ որտեղից ես տուն ստանամ»,- ասում է Մելիք- Շահինյանը:    Բնակիչները բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել հանցագործության մասին, սակայն դրանց ընթացք չի տրվել: