Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քիմկոմբինատի քուրայից վառված ջահով Անտոն Քոչինյանը վառեց Եղեռնի անմար կրակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
anton-qochinyan

1965 թվականին լրանում էր Հայոց Ցեղասպանության 50-ամյակը և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Մոսկվայից թույլտվություն ստանալ ոչ միայն նշելու Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, այլև Եղեռնի զոհերի հիշատակին կոթող կառուցել:  Բաց մրցույթ հայտարարվեց, մոտ 80 աշխատանք ներկայացվեց և այն ժամանակ երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի համար մեծ անակնկալ էր, որ ընդունվեց իրենց նախագիծը։ «Ավելի փորձառու ճարտարապետներ կային,-ասում է Սաշուր Քալաշյանը,-և մենք, երբ ներկայացնում էինք մեր աշխատանքը, մտածում էինք, որ սա մեր հոգու պարտքն է:  Բայց, որ մեր նախագիծը կարող է ընդունեն, նույնիսկ չէինք երազում»։ 1967-ի նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձի օրը, Երևանի քիմկոմբինատի քուրայից վառված և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնեցին Անտոն Քոչինյանին, որն էլ վառեց հավերժական կրակը: 1995-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ զբոսայգում բացվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որի հեղինակները՝ Սաշուր Քալաշյանն ու Լյուդմիլա Մկրտչյանն էին:   «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախագծի իրականացման երկու տարիներն ինձ համար աշխատանք չէին,- ասում է Սաշուր Քալաշյանը,-ասես երեխաս լիներ։ Երբ կառուցվեց, վերաբերմունքս փոխվեց։ Այն այլևս իմը չէր, բոլորինն էր և ինձ համար ևս, ինչպես բոլոր հայերի համար՝ դարձավ սրբավայր»։