Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ռուստամյան. «Մենք չունենք թանկացումները մեղմելու ռեսուրս» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen-rus

Գների բարձրացումն Արմեն Ռուստամյանը բացատրում է տնտեսության մեջ մենաշնորհի եւ կոռուպցիայի դերով: Ամբողջ աշխարհում է գները բարձրանում, բայց մեզ մոտ խնդիրը գնողունակությունն է. «Որպեսզի այ էդպես բացահայտ թանկացումները չերեւան, որոնք օբյեկտիվորեն անընդհատ բարձրանում են, մենք չունենք էդ ռեսուրսը, որ կարողանանք դա հավասարակշռել եւ մեղմացնել»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հայտնի է սակայն, որ հաջորդ տարի թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրանալու, փոխարենը առաջին անհրաժեշտության ապրանքների գները շարունակելու են բարձրանալ: Արմեն Ռուստամյանը ասում է, որ մյուս տարվա բյուջեով լուծումը գտել են. «Քանի որ այս բյուջեի հիմնական առավելությունն այն է, որ կապիտալ շինարարության վրա բավականին լուրջ ներդրումներ են կատարվում: Սա մեզ տալիս է էն երաշխիքը, որ կստեղծվեն աշխատատեղեր, տնտեսությունը կսկսի ապրել, շնչել»: Ըստ պատգամավորի, քաղաքական կամք է պետք, որպեսզի Հայաստանում վերացվեն մենաշնորհները: Պարոն Ռուստամյանը համաձայն է, որ կա նաեւ անպատժելիության խնդիր. «Ժամանակին, հիշու՞մ եք, հայտարարեցին, որ դուք ինչ ասեք կարող եք բերել Հայաստան, եւ մարդիկ կային, որ հավատալով դրան, գնացին սկսեցին բերել: Էդ ամենը տեւեց մի ամիս», ասում է դաշնակցական պատգամավորը: Արմեն Ռուստամյանն այդ անպատժելիությունը տեսել է տախտակի բիզնեսում, երբ ներդրողից պահանջել են, որ էժան չվաճառի իր ներկրած փայտը: Ինքն իհարկե խոչընդոտողների անունները չի տա. «Իրենց ձեռնտու չի, որ հանկարծ որեւէ մեկը գա եւ գինը ընկնի էդ տախտակի»: Դաշնակցական պատգամավորը տեսնում է, որ այսօր էլ իշխանությունը եւ բիզնեսը սերտաճած են: Հանրապետականի հետ կոալիցիոն հուշագրում իրենք անդրադարձել են այս թեմային: Նա հույս ունի, որ նոր Սահմանադրության գործիքներով իշխանության եւ բիզնեսի սերտաճումը կվերացվի: Օրինակ, միլիոնատեր դատավորը ստիպված կլինի պատմել իր միլիոնների մասին. «Էդ նույն դատավորը կլինի, թե ով կլինի, նա պիտի ապացուցի, որ իր դատավոր դառնալուց հետո ինչպե՞ս է կարողացել ունենալ էդպիսի հարստություն: Նա պիտի ապացուցի, որ օրինական է եղել: Իսկ օրինականն ինչպե՞ս է լինում՝ աշխատավարձով, իրա մուտքերով»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Ի դեպ, փոքրիկ խնդիր է այն, որ հարուստ պաշտոնյան հաջորդ տարվանից պետք է հաշիվ տա ոչ թե իր բոլոր միլիոնների, այլ վերջին հայտարարագրից հետո ավելացած միջոցների մասին: