«Սարդարապատի» թանգարանի տնօրենը թույլ չի տվել տոլմայի փառատոն անցկացնել (տեսանյութ)

ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստվում է տոլման գրանցել որպես ադրբեջանական ճաշատեսակ: Արդեն 1 շաբաթ է, ինչ այս մասին ահազանգում է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

«ՅՈւՆԵՍԿՕ-ն որոշում է, որ մեր կերակուրները պիտի ադրբեջանական համարվեն: Սա արդեն ցույց է տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի դեմքը, և այն, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք այդ կառույցին: Այն, ինչ կատարվում է մեր մշակութային ժառանգության մասով՝ դրական, թե բացասական, պատասխանատու ենք ինքներս: Գիտեի՞ք, որ այսօր մենք պետականորեն ամրագրված որևէ կերակրատեսակ չունենք ու չունենալով պահանջում ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն ինչ-որ բան անի»,- ասաց նա:

Դեռ 2011-ից «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ն կազմակերպում է Տոլմայի փառատոն: Անցյալ տարի փառատոնի իրականացման գաղափարը լուրջ խնդիրների առջև է կանգնել. «ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից չէ, ոչ էլ թուրքերի կողմից, խոչընդոտ առաջացավ մեր կողմից, կոնկրետ «Սարդարապատի» թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի կողմից: Չգիտեմ՝ ինչ ամբիցիաներ էին: Մարդը 20-25 օր առաջ ասում է՝ չի լինելու, ես տեղը չեմ տրամադրելու»:

Պարոն Մամուլյանը նշեց նաև, որ փառատոնները ոչ միայն մեր մշակութային ժառանգության լուսաբանման, այլ երկրում տուրիստական նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ են հետապնդում: Բանախոսը հորդորում է փոխել մեր վերաբերմունքը սեփական մշակութային ժառանգության հանդեպ: Անցյալ տարի Տոլմայի փառատոնը լուսաբանել է միայն 1 հեռուստաալիք՝ Ռուսաստանից: Նա նաև հորդորում է լուրջ չվերաբերվել ՅՈւՆԵՍԿՕ-ին և նրա նախաձեռնություններին, որովհետև այդ կառույցի ոչ նյութական մշակութային բաժինը ֆինանսավորվում է Թուրքիայից և Ադրբեջանից:

Հաջորդ տարի իրենց նախաձեռնությամբ ամբողջ մայիս ամիսը ողջ աշխարհում նշելու են Տոլմայի տոն՝ ռեստորաններ ունեցող իրենց ընկերների աջակցությամբ:

loading