Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏաԹևեր»-ի հատուկ առաջարկը՝ Սյունիքի, Արցախի բնակիչների և ուսանողների համար

Հասարակություն
tatever

Ձմեռային սեզոնի համար Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝  «ՏաԹևեր»-ը, հատուկ առաջարկ է պատրաստել Սյունիքի, Արցախի բնակիչների և բոլոր ուսանողների համար։ Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ն այս խմբերի համար «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի տոմսը կարժենա 1500 դրամ, իսկ միակողմանին՝ 1000 դրամ։  Տոմս ձեռք բերելիս ուսանողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս, իսկ Սյունիքի ու Արցախի բնակիչները ՝ բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Մյուս բոլոր ուղևորների համար ձմռան ամիսներին ճոպանուղու երկկողմանի տոմսի արժեքը կլինի 3500, միակողմանին՝ 2500 դրամ։ Տեղեկացնում ենք նաև, որ «ՏաԹևեր» ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղևորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան և տոնական օրերին: Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։ Ամանորից հետո «ՏաԹևեր»-ը ուղևորներին կսպասարկի հունվարի 6-ից։     «ՏաԹևեր» ճոպանուղու մասին «ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։ Գործարկումից՝ 2010թ հոկտեմբերից, մինչև այսօր ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600 հազար ուղևոր։