Շարունակում են ուսումնասիրել Մասիս քաղաքի օդի աղտոտման պատճառները

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում գումարվեց միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի ղեկավարությամբ: Աշխատանքային խումբը ձևավորվել է ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս. թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի: Օրկարգում դրված էր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի տարածքում կոյուղագծերում շրջակա միջավայրի աղտոտման պատճառները պարզաբանելու վերաբերյալ կատարած աշխատանքների քննարկումը:

Աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցներ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ու հարակից բնակավայրերի ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու, թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում վերոհիշյալ դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված իրավական կարգավորման համար առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:

Միջգերատեսչական աշխատանքային խումբը վերոնշյալ դեպքերի առնչությամբ առաջարկների վերջնական փաթեթը կմշակի և ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի մինչև սույն թվականի դեկտեմբերի 26-ը: