Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիազորություն՝ ներխուժել ընտանիք. «Օրենքի ընդունման հաղորդագրությունը եկել է ԵՄ-ից»

Քաղաքականություն
Ara-Zohrabyan

ՀՀ կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների և օրենքներում լրացումներ անելու նախագծերի փաթեթ։ ՀՀ փաստաբանների պալատն այս առնչությամբ հանդես է եկել առաջարկներով։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ այս առաջարկները նրա համար են, որ օրինագծից դուրս բերվեն վնասակար կետերը։ «Մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ այս օրինագծով պետական մարմիններին տրվելու է լիազորություն՝ ներխուժելու ընտանիք։ Եթե մենք պետական մարմիններին տալիս ենք այդ հնարավորությունը, ապա կա նաև ռիսկ մարդու իրավունքները խախտելու»,-նշեց Արա Զոհրաբյանը։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն առանձնացրեց օրենքի նախագծում առկա այն կետերը, որոնք, ըստ փաստաբանների պալատի, ենթակա են փոփոխման։ Օրինակ՝ բռնությունը դաստիարակչական միջոցից տարանջատելու համար առաջարկվում է օրենքի նախագծում ներառել հետևյալ նախադասությունը. « Ծնողի դաստիարակչական այն գործառույթը, որը սահմանափակում է երեխայի իրավունքները և ազատությունները ելնելով երեխայի շահից, չի կարող համարվել բռնություն և առաջացնել որևէ պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքի»։ «Օրինակ՝ 14 տարեկան երեխան փորձում է կռվի մեջ մտնել հասակակիցների հետ։ Ծնողը երեխային հետ բերելու համար, եթե երեխան չի ենթարկվում, առնվազն պետք է ֆիզիկական ուժ կիրառի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա չի կարող համարվել բռնություն, քանի որ ծնողը փորձել է երեխային ավելի մեծ վտանգից մեկուսացնել։ Այս փոփոխությամբ մենք փորձելու ենք պաշտպանվել նման իրավիճակներից, որոնք մենք չենք կարող կարգավորել օրենքով»,-նշեց Արա Զոհրաբյանը։  Արա Զոհրաբյանի կարծիքով՝ օրինագծի ընդունումը չի բխել անհրաժեշտությունից։ «Բռնությունների ենթադրյալ քանակը գտնվում է պետության վերահսկողության դաշտում։ Իմ կարծիքով՝ օրինագծի ընդունման հաղորդագրությունը եկել է հենց Եվրամիությունից։ Բայց դա ոչինչ չի փոխում։ Թե ինչ նպատակներով են անում, դա այլ քննարկման թեմա է։ Տվյալ դեպքում ունենք նախագիծ և մտավախություն, որ նախագիծը կարող է ի չարս օգտագործվել և մենք չունենանք դրանից պաշտպանվելու հնարավորություն։ Մենք փորձում ենք զսպող մեխանիզմներ դնել»,- ասաց Արա Զոհրաբյանը։