Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նպաստում ենք ճոճանակային միգրացիային». ԱԺ-ն կրթական հարցեր է քննարկում

Քաղաքականություն
24131424_10210810253475373_4011232694686835652_n

ԱԺ-ում այսօր «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, հարց ուղղելով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, նշեց` մի շարք մասնագիտություններ մոդայիկ են դարձել, արդյունքում աշակերտները միջազգային չափանիշներով գիտելիքներ չեն ունենում. «Արդյոք ժամանակը չէ՞ համաչափ կրթական համակարգի ներդրման համար։ Եվ նաեւ, արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի միջին մասնագիտական ուսուցումը դառնա անվճար»։ Նախարարը նշեց, որ այժմ 25 մլն դոլար դրամաշնորհ են ձեռք բերելու, որը ուղղվելու է միջին մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։ Քննարկմանը մասնակցող Երևանի Փ . Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանն իր խոսքում նշեց, որ իրենց քոլեջի շրջանավարտին այսօր արգելում են դպրոցներում աշխատել որպես կերպարվեստի ուսուցիչ. «Խնդիրն այն է, որ, ասենք, Չինարիից եկած ուսանողը, որ հետ կվերադառնա գյուղ, հավանականությունը շատ քիչ է։ Այսպիսով, մենք նպաստում ենք ճոճանակային միգրացիային։ Մեր քոլեջը ունի որոշակի առանձնահատկություններ. մենք ըմբոստանում ենք նախարարության որոշ փոփոխությունների դեմ, օրինակ` մենք պետք է ունենանք արտաբյուջե` մեր խնդիրների լուծման համար, դրա համար մենք չենք կարող անցնել լրիվ անվճար կրթության»։  Ի պատասխան նախարարն ասաց` որպեսզի քոլեջի շրջանավարտը կարողանա դասավանդել, ՀՊՄՀ կողմից քոլեջի դիպլոմը պետք է ճանաչվի` որպես բարձրագույն կրեդիտ։  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր հեռավոր շրջաններից Երեւան եկած բուհերում սովորողների խնդիրը. «Նրանք լավագույն դեպքում հինգ հազար դրամ կրթաթոշակ են ստանում։ Ժամանակին ես` որպես հարվածային, ստանում էի 35 ռուբլի կրթաթոշակ ու առանց կողմնակի օգնության կարողացել եմ ապրել։ Հիմա դուք 600 մլն դրամ կրճատել եք ոլորտի բյուջեից, մինչդեռ դրանով կկարողանայիք 30 հազար կրթաթոշակ տալ։ Կրթությունը երեւի համարել եք ոչ կարեւոր ոլորտ։ Այսպիսով, նաեւ վտանգ կա մեր կրթության ռազմավարության մեջ»։ «Մարդու իրավունքների տեսանկյունից մենք չենք կարողանում պարտադրել ուսանողին, որ նա հետ գնա գյուղ։ Դրա համար այլ պայմաններ ենք դնելու, որ կրթաթոշակ կստանա, եթե սովորի ու հետ գնա։ Այդ դեպքում մենք պետք է նրան ապահովենք համապատասխան պայմաններով»,-ասաց Լեւոն Մկրտչյանը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը ողջունեց այն գաղափարը, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել. «Գիտեք, որ մեր աղջիկներն ու տղաները շուտ են ամուսնանում։ Դրա համար այս որոշումը շատ կարեւոր է։ Սակայն ուզում եմ հասկանալ` արդյոք միջին մասնագիտական կրթությունը չի՞ ազդի ուսումնարանների ու քոլեջների վրա»: «Չի ազդի, քանի որ նրանք իրենց կրթական ծրագրերում ներառում են հանրակրթական ծրագիր` զուգահեռ մասնագիտական կրթությունը։ Այս հանգամանքը ուղղակի հարվածելու է ավագ դպրոցներին, թեեւ այստեղ էլ մեծ տոկոս ունենք դեպի բուհ գնացողների»,- պատասխանեց Լեւոն Մկրտչյանը։