Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքերի իրական տերերը ոլորտի քաղաքականության վրա ազդելու լուրջ լծակներ ունեն. ԹԻ

Տնտեսություն
transp

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր: «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ իրենք անդրադարձել են միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտին: Իրենց նպատակը ոչ թե քննադատելը կամ դատափետելն է, այլ՝ համակարգային խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկումը: Ըստ փորձագետի՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա են մի շարք էական բացեր, որոնք պատճառ են դառնում հայեցողական որոշումների կայացման համար՝ առաջացնելով կոռուպցիոն ռիսկեր: Ընդերքաբանական, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացակարգը բավարար չէ: Բացի այդ, բնապահպանական փորձաքննական եզրակացությունները չեն կարող բողոքարկվել դատական կարգով, քանի որ վարչական ակտ չեն համարվում: Ըստ հետազոտության արդյունքների՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված բոլոր ընկերությունները և/կամ նրանց հետ փոխկապակցված ձեռնարկությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է նրանց սեփականատերերի բացահայտումը: Կան բազմաթիվ փաստեր, որ հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, և ոլորտի քաղաքականության վրա ազդելու լուրջ լծակներ ունեն: Բացահայտված մի շարք դեպքերում պարզել են, որ հանքարդյունաբերող ընկերությունները «բարեգործական» վճարումների միջոցով կարողացել են իրականացնել օրենսդրական փոփոխություններ՝ ի շահ կոնկրետ ընդերքօգտագործման ծրագրերի: Կազմակերպությունը Կառավարությանն առաջարկում է ստեղծել մի մարմին, օրինակ՝ հանձնաժողով, որը համալիր փորձաքննական եզրակացություն կտրամադրի հանրությանը թե առողջապահական, թե մշակութային, թե բնապահպանական տեսանկյունից, որը կունենա իրավական ուժ: Քննարկմանը ներկա կառավարության ներկայացուցիչների կողմից գաղափարը միանշանակ չընդունվեց: Արթուր Գրիգորյանը նաև մատնանշեց դեպք, երբ հանքարդյունաբերական թույլտվությունը փոփոխության է ենթարկվել, և հանրությունն այդ մասին չի իրազեկվել, մինչդեռ ՀՀ օրենսդրությունը պահանջում է դրանք հրապարակել և ենթարկել փորձաքննության: