Զարուհի Փոստանջյանը Լոս Անջելեսում բողոքի ցույց է կազմակերպել (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է  համահայկական ընդվզմանն ընդառաջ ԱՄՆ այցի շրջանակներում կայացած բողոքի ակցիայի մասին պատմող նյութը.

 

Նոյեմբերի 26-ին  Լոս Անջելեսի ժամանակով ժամը 12:00-ին,  ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ համայակական   ընդվզմանն  ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի  մասնակցությամբ բողոքի ցույց: Բացման խոսքով հանդես եկավ  Աշոտ Գեղամյանը, ով ներկայացրեց հավաքի նպատակը  և խոսքը փոխանցեց Զարուհի Փոստանջյանին:

Ցույցին ելույթ ունեցան նաև հայ համայնքի ներկայացուցիչ Սահակ Միքայելյանը, «Բարև»  հեռուստահաղորդման հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը, «Մարտիրոս Սարյան» ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանը, գիտնական, ԽՍՀՄ-ի տարիների գիտական մտքի տաղանդավոր ներկայացուցիչ՝ «Նաիրի»  համակարգիչների առաջին սերնդի  նախագծող ու ստեղծող Հրաչյա Հովսեփյանը, Միացյալ Նահագների Կոնգրեսի 2018 թվականի ընտրություններում 28 շրջանի թեկնածու Ջոն Նալբանդյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ, փաստաբան Կարապետ Աղաջանյանը և վերջում ամփոփիչ խոսքով  հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը ով  նաև ընթերցեց ցույցի մասնակիցների կողմից ընդունված  «Սփյուռքահայության քաղաքական մանդատի վերականգնման պահանջագիրը»:

zara

Ցույցն ավարտվեց երթով, որի   մասնակիցները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի  Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիրը: Հյուպատոսարանի առջև, որը փակ էր և չկար նույնիսկ հերթապահ, որ ընդուներ  ցույցի մասնակիցների անունից ներկայացվող պահանջագիրը, տեղի ունեցավ փոքր հավաք, որտեղ ևս ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը:  Դեպի հյուպտոսարան երթի ճանապարհին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին  Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների  զոհերի   հիշատակին նվիրված հուշակոթողին:  Այսքանով ավարտվեց նոյեմբերի 26-ի ցույցը և կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումը   «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի  Փոստանջյանի հետ տեղի կունենա Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի  քաղաքային գրադարանում՝ նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ին, որի ժամանակ քաղաքացիները կարող են հարցերով դիմել Զարուհի Փոստանջյանին և ստանալ պարզաբանումներ:

 

 

Սփյուռքահայության քաղաքական

մանդատի վերականգնման

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

–         Առաջնորդվելով սկզբունքով, որ հայությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն և ուժ է, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին,

 

–         Գիտակցելով, որ միասնական ազգային պետության հանրային կառավարման մարմինների ձևավավորման ընթացքում շուրջ քառորդդարյա կորուստը հանգեցրել է աղետի հայոց պետականությունում` ընդուպ մինչև պետականության անկման վտանգի,

–         Տագնապ զգալով, որ Հայաստանի Հանրապետության անունից տարվում են հանցավոր բանակցություններ հայրենի հողի հանձնման վերաբերյալ,

–         Ճանաչելով որպես դավադրություն Հայոց Մեծ եղեռնից հետո առաջացած հայկական սփյուռքի  համալրումը անկախության տարիների նոր սփյուռքով, որի մեծամասնությունը Հայաստանի Հանարապետությունից գաղթած քաղաքացիներ են,

–         Ընդունելով իրողությունը, որ հայ ազգի կարևոր հատվածի ներկայացուցիչները` սփյուռքահայությունը, որոնց քանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ապրողների քանակը` արհեստականորեն դուրս են մնացել հայկական պետականության քաղաքական կյանքից,

–         Մտահոգ լինելով, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները քաղաքական ընտրություն կատարելու ժամանակ չափազանց խոցելի են` նրանց գերակշիռ մասը գտնվում է աղքատության մեջ, մի մասը՝   պետական ծառայության, իսկ մի հատվածը աշխատում է քրեաօլիգարխներին պատկանող ձեռնարկություններում, 

–         Կործանարար դիտարկելով հայկական պետականությունում գործող բռնակալական, քրեաօլիգարխիկ համակարգը և խոցելի հասարակությունը, 

 

Մենք պահանջում ենք

–         Քաղաքական միասնություն,

–         Քաղաքական իրավունքներից օգտվելու համար հավասար պայմաններ,

–         Ազատագրված հայրենիքի` Արցախի դե յուրե վերամիացում և միասնական պետականության հռչակում,

–         Հայրենի բնօրրանի բռնազավթման պաշտոնական դատապարտում և պահանջների ներկայացում,

–         Ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդնում:

 

Քաղաքական իրավունքներ

–         Հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչները հայոց պետականությունում իրավունք ունեն ձևավորելու հանրային իշխանություն` խորհրդարան, կառավարություն և նախագահություն,

–         Մենք պահանջում ենք վերականգնել մեր քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը,

–         Մենք պահանջում ենք վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրամասում են բնակվում կամ գտնվում,

–         Մենք պահանջում ենք վերացնել բոլոր տեսակի խոչնդոտները և ապահովել մեր մասնակցությունը ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական վերնախավի ստեղծմանը, պետական կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը,

–         Մենք պահանջում ենք հայոց խորհրդարանում պատգամավորական մանդատի տրամադրում,

–         Մենք պահանջում ենք հայոց կառավարությունում նախագահի, վարչապետի և նախարարների պաշտոններում ընտրվելու իրավունքի հնարավորություն բացարձակ հավասար պայմաններում,

 

Հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնում 

–         42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` ներկայիս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հողը սուրբ է և ենթակա չէ որևէ սակարկության,

 

–         Մենք պահանջում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միասնական պետականության պաշտոնական հռչակում,

 

–         Մենք պահանջում ենք՝ մինչև հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը, հայրենիքի սուրբ հողի ազատագրման պարտականության ստանձնում:

 

Բռնակալության վերացում

 

–         Մենք պահանջում ենք լուծարել ոչ օրինակարգ ՀՀ կառավարությունը, ոչ օրինակարգ ՀՀ խորհրդարանը և պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթաց  անձին, 

 

–         Մենք պահանջում ենք ազատ արձակել  քաղաքական բանտարկյալներին,

 

–         Մենք պահանջում ենք ՀՀ ուժային կառույցներից զերծ մնալ քաղաքական դիրքորոշման համար քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառումից,

 

–         Մենք պահանջում ենք նվազեցնել  ոստիականության քանակը՝ այն դարձնել առավելագույնը 3000 մարդ,

 

–         Մենք պահանջում ենք 20,000 ոստիկանության անձնակազմը վերաձևավորել պայմանագրային զինծառայողների,

 

–         Մենք պահանջում ենք արգելել 18-27 ամյա զինակոչիկների առաջին գծում պաշտպանական ծառայություն իրականացնելը:

 

Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

 

26 նոյեմբեր 2017