Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ լավ գիտեմ՝ ոտքերը որտեղից է, ականջները՝ որտեղից». Սամվել Բաբայանի ճառը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-Babayan

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դժվարությամբ է   ներկայացնում պաշտպանական ճառը:  Նրա ձայնալարերը  բորբոքվել են: Առաջադրված երկու մեղադրանքներից եւ ոչ մեկը՝ նա չի ընդունում: Ըստ նրա՝ մեղադրողը ոչ թե փաստերով է առաջնորդվել, այլ ենթադրություններով՝ իրեն մեղադրանք առաջադրելով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաեւ փողերի լվացման համար: «Հրթիռն ամբողջական է, երբ բոլոր մասերն իրենց վրա են, հակառակ դեպքում դա կոչվում է խողովակ, տրուբա»,- անդրադառնալով «Իգլա»-ին ասաց Սամվել Բաբայանը:  Դատախազ Արամ Արամյանը  մեղադրական ճառում ակնարկել էր, որ Սամվել Բաբայանը, ըստ երեւույթին, «Իգլան»-ն «տրուբայից» չի տարբերում։  Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հիշեցրեց, որ 1992 թ օգոստոս ամսին ինքը  դարձել է  բանակի առաջին դեմքը: «ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ, որը մինչեւ իմ գալն է եղել, Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խոցվել, 17 ուղղաթիռ, որից  10-ը՝ էդ «Իգլաներով»… Եթե իմ մասնագիտության վրա ինչ-որ մեկը կասկածում է, ասեմ՝ դո՞ւք պետք է գնահատական տայիք, թե ես ինչպես եմ ծառայել իմ երկրին»,- ասաց Սամվել Բաբայանը:   Նա նաեւ  հավելեց՝ իրեն ձերբակալելուց հետո երկու-երեք ժամ  հարցեր են տվել քաղաքականությունից. «Ու բացատրել են, թե ինչի համար են ինձ բռնել, ես չեմ ցանկանում անդրադառնալ, բայց դա փաստ է: Ես հենց սկզբից էլ չէի ուզում քաղաքականացնել այս դատավարությունը, ես հանցանք չեմ կատարել, արդարացնելն էլ իմաստ չունի»:   Ըստ Սամվել Բաբայանի՝ փողերի լվացման գործով ինքը հարցաքննվել է միայն 8 ամիս հետո։ «Երբ հասկացել են հրթիռը թույլ է, սա քաշել են, պոչից կապել: Ձեր խնդիրն է:  Ես անկեղծ եմ ասում, չփորձեմ հասկանալ պատվերը որտեղից է գալիս, այդպիսի մարդ չեմ: Շատ լավ գիտեմ ոտքերը որտեղից է, ականջները որտեղից է: Կարելի է օրենքը թեթեւ շրջանցել, բայց չի կարելի տրորել, թքել պետության վրա: Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դրանով դուք հարց չեք լուծելու»,- ավելացրեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: Փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանն այսօր պնդեց, որ Սամվել Բաբայանն  այս գործի հետ ընդհանրապես կապ չունի: Ինքն էր ցանկացել զենքը ձեռք բերել բանակին նվիրելու համար, հետո կամովին հրաժարվել է, թեեւ զենքը այնուամենայնիվ բերվել է Հայաստան: Նա նաեւ հայտնեց, որ իրենք  այդ զենքը եթե նույնիսկ բերեին էլ,  բերելու էին բանակի համար: «Մենք թշնամի չունենք, մեր թշնամին թուրքն է, հիմա վախենում եմ՝ սրանից որ պրծնեմ, հիմա կարող է մի հատ էլ ասեք եղբայրական Ադրբեջանին ինչի կրակեցիք, չի կարելի»:  Ամբաստանյալները այսօր հանդես եկան վերջին խոսքով եւ դատավոր Արշակ Վարդանյանին խնդրեցին  առաջնորդվել մարդկային խղճով եւ ճիշտ ու արդար որոշում կայացնել:  Գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին: