Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ մեր անդամակցությունն ուղարկենք Սոդբիի ցուցահանդես, տեսնենք՝ ինչքանով կվաճառվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
konjoryan

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Ելք դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանն իր ելույթում նշեց. «Պատկերացրեք՝ գտնվում եք մի ցուցասրահում, որտեղ մի աբստրակտ նկարչի նկարների ցուցահանդես-վաճառք է: Իր մի նկարի մասին նկարիչն ասում է՝ ես նկարել եմ մի կով, որը խոտ է ուտում դաշտի մեջ: Ասում եք՝ բայց այստեղ խոտ չկա, պատախանում է՝ հա, չկա, քանի որ կովը խոտը կերել է արդեն: Ասում եք՝ այ, ցավդ տանեմ, ախր այստեղ կով էլ չկա: Պատասխանում է՝ եղբայր, զարմանալի մարդ ես, կովն ինչ գործ ունի այն դաշտում, որտեղ խոտ չկա: Հիմա այս ԵՏՄ պատմության ամբողջ դրամատիզմը կայանում է այս անեկդոտի մեջ: ՀՀ վրա, ըստ էության, վաճառել են մի նկար՝ ԵՏՄ տեսքով, որտեղ ոչ խոտ կա, ոչ կով կա՝ ոչ անվտանգություն կա, ոչ էլ տնտեսություն»:  «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ ինքը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է. «Դուռը շրխակցնելով փակելը ամենահեշտ ճանապարհն է: Հիմա հասկանանք, թե ինչո՞ւ չենք կարողանում օգտվել ԵՏՄ-ից. բոլոր խնդիրները պետք է փնտրել ՀՀ-ում: Երբ ծիրանի արտահանումը քվոտավորված է, հիմա այստեղ ինտեգրացիոն կառո՞ւյցն է մեղավոր, թե ՀՀ իշխանությունները: Եթե ադեկվատ Կառավարություն ունենայինք, ապա միշտ էլ հնարավոր էր օգուտ քաղել: Մենք պետք է այլ հայացքով նայենք խնդրին: Ինչ վերաբերում է կովի ու խոտի նկարին, ապա Սոդբիի աճուրդում այնպիսի նկարներ են վաճառվել, որ հարյուր միլիոնավոր դոլարներով են վաճառվել, սակայն այնտեղ մի բովանդակություն կամ փիլիսոփայություն հնարավոր չէ գտնել, մտածում ես՝ դե, չգտնելն էլ, երեւի դու չես հասկանում: Այսինքն, կարելի է առավելագույն ճիշտ քաղաքականության դեպքում նույնիսկ այդ անհասկանալի պատկերներից ունենալ առավելագույն լավ արդյունք, եթե քո երկրի իշխանությունը առաջնորդվում է իր երկրի պետական շահերից, այլ ոչ թե մե թիմի նեղ անձնական շահերից»: «ԵՏՄ մեր անդամակցությունն ուղարկենք Սոդբիի ցուցահանդես՝ տեսնենք՝ ինչքանով կվաճառվի»,- արձագանքեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: