Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՏՄ համաձայնագիրը չի գործում. պետք է բաշարենք, որ մի բան շահենք». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
marukyan

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ԱԺ նիստերի դահլիճը նախագահում էր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ միասին:  Էդմոն Մարուքյանն իր ելույթում ներկայացրեց քննարկվող նախագիծը: Նա հայտարարեց, որ 2018թ. հունվարի մեկից թանկանալու են բազմաթիվ ապրանքներ, թեեւ թանկացումները նկատվում են նաեւ հիմա: Ըստ նրա՝ դա նաեւ հետեւանք է ԵՏՄ անդամակցության. «Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այս ընթացքում ավելացել են, ինչպես նաեւ՝ էական տարածքային կորուստներ ենք ունեցել՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հետևաբար, ՀՀ-ն պետք է հեռանա ԵՏՄ-ից ու դադարեցնի իր անդամակցությունը: ԵՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական առաջընթաց չի ապահովել, այլեւ խաթարել է մեր անվտանգությունն ու սահմանափակել է 3-րդ երկրների հետ մեր հարաբերությունները, քանի որ թույլ չի տալիս մյուս երկրների հետ համագործակցության պայմանագրեր ստորագրել: ԵՏՄ համաձայնագիրը չի գործում. սա ՌԴ կողմից հերթական նախաձեռնությունն է, որ մնացել է թղթի վրա: Դա են վկայում կապիտալի ազատ տեղաշարժի գրեթե բացակայությունը, աշխատուժի հետ կապված էլ հայկական վարորդական իրավունքի օրինակը շատ լավ արտացոլում է ամեն ինչ, ՀՀ քաղաքացիների մասսայական դեպորտացումը: Բոլորն էլ գիտեն, որ կարգուկանոնը չկա ԵՏՄ-ում, բայց ասում են՝ դե, պետք է շուստրի լինես, որ մի բան ստացվի: Սակայն մենք չենք ուզում մի միության անդամ լինել, որ պետք է բաշարենք, որ մի բան շահենք: Մյուս հիմքը ԵՏՄ անդամակցության շանտաժն է: Այս օրերին շատ են ասում՝ դե, ԵՄ հետ «եւ-եւ»-ը արեցինք, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ նման բան չկա: Դա կլիներ, եթե ԵՏՄ անդամ լինելով՝ այն ժամանակ Ասոցացման պայմանագիրը կնքեինք: Այն, ինչ ստորագրվեց նոյեմբերի 24-ին, դրանով ընդամենը իրավապայմանագրային հիմքը թարմացվեց: Որպեսզի ՀՀ-ն զարգանա, պետք է զարգացնել մեր քաղաքականությունն ու տնտեսությունը, ժողովրդավարական ազատությունները, իսկ դրա համար պետք է ԵՏՄ-ից դուրս գանք ու սկսենք մեր ասոցացումը ԵՄ-ին»: