Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն

Նորաթուխ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտված շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:

 

Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրի պարտիայում, մեր 19-ամյա շախմատիստը սեւ խաղաքարերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեկսեենկոյին եւ վաստակեց 8,5 միավոր: Նա միայն լրացուցիչ գործակիցներով ետ մնաց նույնպիսի արդյունք ունեցող նորվեգացի գրոսմայստեր Արյան Տարիից, որն էլ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

 

Մեր մյուս երկու շախմատիստները համեմատաբար համեստ արդյունք ցույց տվեցին: Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը 7,5 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով ետ մնալով ութ մրցակիցներից: Միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 43-րդ հորիզոնականում:

 

Զուգահեռ ընթացող աղջիկների առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը զբաղեցրեց 41-րդ տեղը՝ վաստակելով 5,5 միավոր: Աշխարհի չեմպիոն դարձավ ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը, որը մեկ միավորով գերազանցեց 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Անաստասյա Պարամզինային: