Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու էր ստորագրման ինտրիգը պահպանվում մինչև վերջին պահը. հարցազրույց Բորիս Նավասարդյանի հետ

Կարևոր լուրեր Հարցազրույց Քաղաքականություն
boris

«Ա 1+»-ի հարցազրույցը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի հետ

-Արդյոք կիսո՞ւմ եք խանդավառությունը, որ կա ԵՄ փաստաթղթերի ստորագրումից հետո, և ի վերջո ի՞նչ կտա այն մեզ՝ կյանքի որակի բարելավման առումով: -Որ այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, դա անվիճելի է: Եվ սա հիմնականում պայմանավորված է հետևյալով, որ Հայաստանում զարգացման ծրագիր որպես այդպիսին գոյություն չուներ, իսկ այս փաստաթուղթը կարող ենք ընկալել որպես զարգացման ծրագիր, որն անդրադառնում է կյանքի բոլոր ոլորտներին և նշաձողեր է սահմանում: Եթե մենք լուրջ վերաբերվենք այս փաստաթղթին, շատ լավ հնարավորություն է՝ մեր երկիրը բարեփոխումների տանելու, երկիրն առաջ տանելու համար: Տեսլականը փաստաթղթում է արտացոլված, և այդ փաստաթղթի տակ կան նաև ֆինանսական ռեսուրսներ: Այնպես որ, սա նույնիսկ Հայաստանի համար այլընտրանք չունեցող հնարավորություն է: -Կա կարծիք, որ առավել մեծ փողեր ստանալու գայթակղությունն է նաև ստիպել ՀՀ իշխանություններին՝ գնալ այս քայլին: -Կա այդ մտահոգությունը, և մեր իշխանական շրջանակների մեծ մասը գնում էր դրան՝ Եվրամիությունից ֆինանսներ ստանալու համար, և որևէ պարտավորություն չէին տեսնում փաստաթղթի տակ: Թե ոնց կլինի հետո՝ չգիտեմ, որովհետեւ պետք է աշխատեն այն մեխանիզմները, որոնք ստիպելու են իշխանություններին իրագործել այս ծրագիրը: Թե որքանով ես ուզում այս ծրագիրը իրականացնել, դա արդեն մեր հասարակության և պետության խնդիրն է: Հիմա մենք պետք է աշխատեցնենք այն մեխանիզմները, հասարակական շրջանակները, որոնք իրոք բարեփոխումներ են ցանկանում, որպեսզի ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա, ակտիվ մասնակից զգան այս ամեն ինչի: Եթե ամեն ինչ թողնենք իշխանության ճյուղերի վրա՝ լինի գործադիր, թե օրենսդիր, հաստատ ոչ մի բան չի ստացվելու: Սովորություն կա չնայել հեռու, քան առավոտվան, այդպես ոչնչի չենք հասնի, կստանանք միայն գումար ու վերջ: -Իսկ եթե մենք չկարողանանք բավարար չափով առաջ մղել ծրագիրը և ինչ-որ մի կետում տապալենք, դա զուտ հեղինակության անկմա՞ն հարց կլինի, թե՞ այլ պատիժներ կենթադրի: -Նախ եվրոպական կառույցները պետք է հետևողական լինեն, պետք է անպայման մտածել, թե առաջընթացի մասին զեկույցները, որ պատրաստվելու են գործողությունների պլանի դիմաց, որքանով օբյեկտիվ են արտացոլելու իրավիճակը, թե՞ նրանք էլ ֆորմալ կմոտենան: Որպեսզի երկու կողմերն էլ ֆորմալ ու անլուրջ չլինեն, անհրաժեշտ է հասարակության ճնշումը՝ և ՀՀ կառույցների և ԵՄ կառույցների նկատմամբ: Դա է պատճառը, որ մենք սկսում ենք մտածել այն մասին, թե ինչպես ակտիվացնենք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիական հասարակություններին, որ ի վերջո ձեր հարկերի հաշվին է աջակցություն ստանում այս ծրագիրը, ուրեմն դուք էլ ճնշեք ձեր կառույցներին, որ իրենք էլ հետևողական ու խիստ վերաբերվեն այս ծրագրի իրականացմանը: -Արդյո՞ք մեզ կպարտադրվեն օրենքներ, որոնք դեմ են մեր ավանդույթներին, ինչի մասին խոսվում է այս օրերին: -Սրանք անլուրջ մեկնաբանություններ են, քանի որ մենք տեսնում ենք, որ ԵՄ անդամ երկրները բավական տարբեր են իրարից: Սկզբունքները, որ մարդիկ ունեն հավասար իրավունքներ, վիճելի չէ: Եթե մենք վիճարկում ենք սա, ուրեմն մենք գնում ենք նույնիսկ մեր սահմանադրության դեմ, որն առաջին անգամ ընդունել ենք 1995-ին, երբ ոչ մի կողմից ճնշում չկար: Իսկ թե ինչպես ես դու դա ապահովում, ինչ մեխանիզմներով, դա կարող ես հարմարեցնել հասարակության առանձնահատկություններին, ոչ մեկը քեզ ճնշել չի կարող, որ, օրինակ, միայն Դանիական մոդելը պետք է կիրառես: -Արդյոք կա՞ լարվածություն այս պահին Ռուսաստանի և Ադրբեջանի մոտ, որ կարող է բերել, այսպես ասած, պատժիչ գործողությունների: -Միանշանակ լարվածություն կա: Ադրբեջանը հասկանում է, որ որքան Հայաստանը միջազգային կառույցներում ունենա բարձր կարգավիճակ, այնքան կստանա նաև դիվանագիտական դիվիդենտներ, իսկ դրանք կօգտագործվեն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ թվում նաև՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում: Մտահոգ են և ամեն ինչ արեցին և դիվանագիտական, և ենթադիվանագիտական խողովակներն օգտագործելով, որպեսզի այս համաձայնագիրը չստորագրվի: Բավական ակտիվ էին քարոզչական դաշտում, և ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլև Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, վարկաբեկում էին այս համաձայնագրն ու ամեն ինչ անում էին, որ չստորագրվի: Բայց դա չստացվեց: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ կա երկակի պահ. արդյոք ՌԴ-ն որպես պետություն տեսնո՞ւմ է իր համար վտանգներ՝ համոզված չեմ: Կարծում եմ՝ ՀՀ-ն բավարար փաստարկներ ուներ, որպեսզի համոզեր Ռուսաստանի  ղեկավարությանը, որ դա չի փոխում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների որևէ դրվագ: Այսինքն՝ բոլոր ուղղություններով մենք պահպանում ենք մեր լոյալությունը Ռուսաստանի նկատմամբ: Իսկ արդյոք այստեղից կարո՞ղ է Ռուսաստանը որևէ բան իր համար ունենալ, այս հնարավորություններն էլ կան: Որքան էլ թշնամական են Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները, դա չի նշանակում, որ այդպես լինելու է միշտ: Ամեն դեպքում ՌԴ-ն այլընտրանք չունի ԵՄ հետ իր հարաբերությունները կարգավորելու: Եթե ԵՄ հետ այդպիսի փաստաթուղթ ունեցող դաշնակից երկիր ունի, ինչպիսին Հայաստաննէ, կարող է դա օգնել ինչ-որ բաների: Շատ պարզունակ օրինակ բերեմ. Եվրանեսթը, որը Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովն է, այնտեղ մենք ունենք բազմաթիվ նախադեպեր, երբ Հայաստանը նպաստել է, որպեսզի ՌԴ դեմ ուղղված փաստաթղթերին այն սրությունը չտրվի, այլ նվազի, որպեզի ավելի բարենպաստ լինի ՌԴ համար: Չեմ կարծում, որ այստեղ ՌԴ-ն մտահոգություններ ունի: Բայց Ռուսաստանը բարդ երկիր է, որի համար մեծ քաղաքական նշանակություն ունեն հանրային տրամադրությունները: ՌԴ-ին պետք է, որ հանրությունն այսօրվա իրավիճակով ընկալի աշխարհն այնպես, որ կա Ռուսաստան և նրա շուրջ կան թշնամիներ ու դավաճաններ. միայն դա է համախմբում հասարակությանը, դա է ապահովում իշխանության կայունությունը, և այդ գործոնը պետք է  շարունակել օգտագործել: Այս պարագայում մեր համաձայնագիրը ՌԴ հանրությանը մատուցվում է այսպես՝ տեսեք, մենք միայնակ ենք, մենք ոչ մեկը չունենք, որ մեզ լավ է վերաբերվում, տեսեք՝ նույնիսկ Հայաստանը գնաց այդ ուղղությամբ; Դա շարունակվելու է, դա որոշակի խնդիրներ ստեղծելու է Հայաստանի համար: Մենք ունենք երկու միլիոնից ավել հայ ՌԴ-ում, որոնց վրա անդրադառնալու են այդ տրամադրությունները, իսկ թե որքանով ենք կապված մեր հայրենակիցների հետ ՌԴ-ում՝ բոլորս գիտենք: Սա բավական բարդ իրավիճակ է ստեղծում, որի մասին պետք է մտածել, թե ինչ ենք անելու: Խնդիր ունենք նաև Հայաստանի ներսում, որովհետեւ այստեղ էլ ունենք մարդիկ, որոնք մտածում են՝ հանկարծ ինչ-որ ձևով չնեղացնենք մեր ռուս բարեկամներին: Հակասություններ կստեղծվեն, այդ բոլորը պետք է կանխատեսել և համապատասխան միջոցներ ձեռնարկել: -Մինչև վերջին պահը ասվում էր, որ անակնկալները չեն բացառվում, ո՞րն էր պատճառը: Դա 2013-ի սինդրոմն էր: Եվրամիության անդամ երկրների մոտ այդ կասկածները չէի զգում արդեն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, մանավանդ վճռական քայլ էր փաստաթղթի հրապարակումը, ինչը նշանակում էր, որ Եվրամիության կառույցները հստակ աշխատելու են անդամ երկրների հետ, որպեսզի հանկարծ որևէ մեկի կողմից չլինի դիմադրություն ժամանակին ստորագրելու համար: Եվ կարծում եմ՝ այդ ուղերձն աշխատեց: Կային մտահոգություններ կապված նաև նրա հետ, որ ԵՄ որոշ երկրներում բավական կասկածանքով են վերաբերվում ընդհանրապես Արևելյան գործընկերությանը, այդքան էլ գոհ չեն դրա արդյուքներով, և եւս մեկ երկրի հետ այդպիսի հավակնոտ փաստաթղթի ստորագրումն այդքան էլ չէր ողջունվում միգուցե, բայց այդ տրամադրությունները կոտրվեցին: -Հռչակագրում Ադրբեջանի հետ տեքստը համաձայնեցնելու խնդիր կար, ինչպես լուծվեց այդ հարցը: Հռչակագրի շուրջ երկու ուղղությամբ հակասություններ կային: Առաջինն այն էր, որ որոշ քաղաքական ուժեր ԵՄ-ում և ԵՄ անդամ երկրներում պնդում էին, որ պետք է բացել հեռանկարը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման համար, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար մինչև իսկ բացել անդամության հեռանկարը ԵՄ-ում: Եվ կային քաղաքական ուժեր, որ դեմ էին դրան, դրանից բխում էր, թե ինչպիսի ձևակերպումներ պետք է լինեին այս հռչակագրում: Կային հակասություններ նաև հակամարտությունների թեմայով: Ադրբեջանն ուզում էր, որ հնարավորինս խիստ լինեին ձևակերպումները՝ կապված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ: Հայաստանն ուզում էր, որ անպայման հղումներ լինեին Մինսկի խմբի գործընթացին, որի հետ ՀՀ-ն համաձայն է ամբողջությամբ: Բայց ի վերջո որոշվեց սահմանափակվել ընդհանուր դրույթներով, որը կարող է դժգոհություն առաջացնել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մոտ, որովհետեւ իրենք էլ, կարծում եմ, ուզում էին, որ հակամարտությունները շեշտված ներկայացվեին և շատ խիստ ձևակերպումներով: Ի վերջո, որոշվեց ընդհանուր ձևակերպումներով հանդես գալ, ինչն ընդունելի էր բոլոր կողմերի համար, և ոչ մի զուգահեռ գործընթաց, ինչպիսին Մինսկի խմբի հետ մեր բանակցություններն են, չի խաթարվում հռչակագրով, այլ  նպաստում է: