Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում աճուրդի կհանվի 32 հայ անվանի նկարիչների 43 գլուխգործոց (տեսանյութ)

Մշակույթ
ruzan

Արշիլ Գորկի՝ 50-55000 ԱՄՆ դոլար,  Եղիշե Թադևոսյան՝ 30-35000 դոլար, Սարյան՝ 80-90000 դոլար, Մինաս՝ 200-220000 դոլար, Սուրենյանց, Այվազովսկի, Ժանսեմ, Քոչար, Լևոն Թութունջյան, որի անունը աշխարհում Դալիին և Միրոյին հավասար ճանաչում ունի, մինչդեռ Հայաստանում քչերին է հայտնի։ Երևանում աճուրդի կհանվեն 32  հայ դասական, մոդեռն և ժամանակակից նկարիչների 43 գլուխգործոց։ Կան անգամ  հազվագյուտ կտավներ, որոնք երբևէ անգամ չեն ցուցադրվել։ «Կոլեկցիոներները առանձնապես չեն սիրում վաճառել իրենց գանձերը և մեծ աշխատանք էր պետք կատարել»,- ասում է Հայաստանի աճուրդի տան «ԱԱ Աուկցիոն»-ի տնօրեն Աննա Գրիգորյանը։ Ո՞վ մեր աղքատ երկրում կարող է գնել արվեստի նման թանկ գործեր, հարցին, Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ իրենց հույսը հայ համայնքն է՝ հարուստ, բանիմաց և ազգանվեր հայերը։ «Իհարկե եզակի մարդիկ կարող են իրենց թույլ տալ գնել նման կտավներ, սակայն մեր իրական նպատակը հայ արվեստը աշխարհում արժևորելն է»,- նշեց Աննա Գրիգորյանը։ Մեր անվանի, հայ ծագում ունեցող նկարիչների անունները, բացառությամբ Ժանսեմի, Այվազովսկու, Քոչարի և Լևոն Թութունջյանի, պարզվում է՝ աշխարհին ծանոթ չեն։  «ԱԱ Աուկցիոն», «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի և «Հայ կոլեկցիոներների ակումբի» նախաձեռնությամբ կազմակերպված  և առաջին անգամ անցկացվող  նման աճուրդը կկայանա «Բարձր արվեստ» կենտրոնի «Շեդևր» սրահում դեկտեմբերի երկուսին։