Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի խոսքը կիսատ մնաց (տեսանյութ)

Հասարակություն
sefilyan-1

2 ինքնաձիգ, ծածկոց, եղեւնու ճյուղեր,  ձողեր, մահակներ, դանակ, սուր պատյանով դաշույն, բարձրախոս, ռադիոկապի սարքեր, մեկ տասնյակից ավել  պլաստմասե դեղին սաղավարտներ, մետաղական եւ ճկվող պլաստմասե խողովակներ: Այսօր դատարանն ուսումնասիրեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով իրեղեն ապացույցները:  «Սրանով քաղաքացիները ինչպե՞ս պետք է գնային զանգվածային անկարգություններ կազմակերպեին, ո՞վ պետք է սա վերցներ եւ ի՞նչ պետք է աներ»,- շինարարական երկաթե ձողը ցույց տալով հայտարարեց պաշտպան    Տիգրան Հայրապետյանը:  Նա նաեւ հարց բարձրացրեց, ինչպե՞ս են գործում՝ որպես ապացույց ճանաչված երկու ինքնաձիգերը հայտնվել ոստիկանության  Մաշտոցի բաժնում. «Ոստիկանությունը երկու չկրակող ինքնաձիգ է գտել եւ սցենարը ավելի է ամբողջանում»: Տիգրան Հայրապետյանն առաջարկեց այդ ինքնաձիգերն  ընդհանրապես   իրեղեն ապացույց չհամարել: Դրան միացան մյուս պաշտպանները ևս:    Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ ավելացնում է՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված էին կենցաղային բնույթի առարկաներ, շինանյութ: Իսկ այն առարկաները, որոնք կարող էին վտանգ ներկայացնել գործարանային արտադրության էին եւ փաթեթավորված: «Եթե այս առարկաները այս տեսակետից դիտարկենք, ապա ցանկացած իր՝ այդ թվում Քրեական օրենսգիրքը,  կարող է դիտարկվել զանգվածային անկարգություն կազմակերպելու առարկա»:  Իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն 24-րդ նիստն է ընթանում, այդ մասին դատավորին հիշեցրեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը:  «Այս 24 նիստերի ընթացքում ոչ մի անգամ ինձ թույլ չեք տվել 2 նախադասություն արտաբերել, դուք նույնիսկ ձեւական կողմը չեք ուզում պաշտպանել, ձեզ այդպիսի առաջադրանք է եղել բնականաբար»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:    Նա նաեւ նկատեց, հավանաբար հիմա  իրավիճակ է փոխվել, որ նստած տեղից կարողանում է խոսել. «Դուք ինձ նույնիսկ չեք հարցրել՝ ընդունո՞ւմ եք մեղադրական  եզրակացությունը, թե՝ոչ: Հասկանում եմ, ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, դուք կատարածու եք բոլորդ:Մեղադրական կողմ չէ, դատավոր չէ, ընդամենը կամակատարներ եք այս ռեժիմին: Ինչ պատվիրված է ձեզ,  դուք դա եք անելու»:  Դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց, որ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքը ավարտի. «Ամբաստանյալի կողմից արտաբերված ցանկացած  նախադասություն ուղղված չէ դատարանին, քանի որ ամբաստանյալը ելույթ է ունենում նստած, ինչից հետեւում  է, որ նա դատարանին չի դիմում եւ խախտում է նիստի կարգը»,- պարզաբանեց Տաթեւիկ Գրիգորյանը:       Դատավորը որոշեց նախազգուշացման ձեւով սանկցիա կիրառել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եւ նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 1-ը: