Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգությամբ հրեա զոհված ազատամարտիկը Ղարաբաղի հետ ոչ մի կապ չուներ (տեսանյութ)

Քաղաքականություն
sulkin

Ստեփանակերտի ազատամարտիկների թանգարանում արցախյան ազատամարտի տարիներին զոհված 3370 ազատամարտիկի լուսանկար կա: Ազգությամբ հրեա Գենադի Սուլկիսը նրանցից մեկն է: Նա Ղարաբաղի հետ ոչ մի կապ չուներ, նա Հայաստան էր եկել 88-ի երկրաշարժից հետո. «89 թվին փրկարար ջոկատի հետ եկել ա Սպիտակ, հետո ծանոթացել է ղարաբաղցի տղաների հետ, նրանց հետ եկել ա ստեղ, զենքը վերցրել ա ու կռվել է»,-ասում է Արցախի ազատամարտիկների թանգարանի տնօրեն Արթուր Առուստամյանը: Ընկերները վստահեցնում են, որ Գենադին ընդհանուր շատ բան էր տեսնում հայ եւ հրեա ժողովուրդների պատմության մեջ: Նա զոհվում է Վաղուհաս գյուղի ազատագրման ժամանակ 1992 թվականի օգոստոսին 36 տարեկանում: Հարազատները նույնիսկ չգիտեին, որ նա կռիվ է մղում բոլորովին օտար հողի վրա: 24 տարի Գենադին համարվել է անհետ կորած: Միայն 2016-ին են նրանք իմանում, որ Գենադին զոհվել է Ղարաբաղի համար. «Մայիսի 3-ին զանգել են ինձ, իրա եղբայրը Միշան: Զանգել ա ասում ա՝ 24 տարի ա եղբորս փնտրում ենք, չենք գտնում: Միամիտ ասում ա ինտերնետում պատահել ենք Գալյա Առուստամյանի գիրքը, որտեղ եղբորս նկարն ա ու գրված ա, որ Ղարաբաղում զոհվել ա, ճի՞շտ ա: Ասում եմ՝ դե որ գրքումը կա, ուրեմն ճիշտ ա»: Անցյալ տարվա մայիսի 18-ին Գենադիի մայրը երկրորդ որդու եւ նրա կնոջ հետ գալիս է Ղարաբաղ: Ազատամարտիկների թանգարանի տնօրենը մորն ուղեկցել է նրա զոհվելու վայր՝ Վաղուհաս գյուղի մատույցներ, այնուհետեւ՝ որդու գերեզմանոց: Բայց մինչ այդ եկել է ազատամարտիկների թանգարան. «Էնտեղից որ մտալ ըն, ընդեղից ցույց եմ տվալ՝ այ ձեր տղայի լուսանկարն ա, ընդեղից չոքելով չոքեչոք եկալ ա մինչեւ ստեղ: Գերեզմանին նկարագրելու չէ ինչեր ա արալ»,- ասում է թանգարանի տնօրենը: Հրեա հարազատները խոսել են բոլորի հետ, որոնք պատերազմի այդ օրերին կռվել են որդու հետ կողք-կողքի: Մայրը վստահեցրել է, որ հասկացել է իր որդու արարքը՝ նա արդարություն էր սիրում. «Երեք օր մնացել են էստեղ, գնացել: Մայրն ասում ա՝ կարամ արխային գնամ մեռնեմ, գիտեմ, որ երեխայիս գերեզմանը խնամվում ա»,-պատմում է Արթուր Առուստամյանը: Հիմա եղբայրը հաճախ է գալիս Ստեփանակերտ, այս տարվա սեպտեմբերին նա պաշտպանության բանակի ղեկավարությունից ստացել է եղբորը հետմահու շնորհված մեդալը: Ի դեպ, ազատամարտի ժամանակ զոհված օտարերկրացի ազատամարտիկների թիվը թանգարանի տվյալներով մոտ 50 է: