«Չքնաղ նոր աշխարհ»

Այն, ինչ մարդն է միավորել, բնությունը բաժանել անզոր է: 2541 թվականին, երբ մարդիկ այլևս չեն ծնվում բնական ճանապարհով և ծնվում են որպես միլիոնավոր նույնական երկվորյակներ՝ խստորեն բաժանված Ալֆա, Բետա, Գամմա և ավելի ցածրակարգ խավերի, մինչև կիսագաճաճ ու տգետ, բայց իրենց սև աշխատանքի մեջ երջանիկ էպսիլոններ…

1931–ին Օլդոս Հաքսլին (1894-1963) ստեղծեց «Չքնաղ նոր աշխարհ» վեպը, որը ցայսօր գրականության մեջ հակաուտոպիական ժանրի լավագույն վեպերից է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի և այլոց ստեղծագործությունների կողքին:  Աշխարհը չէր լինի այդքան «չքնաղ», եթե Հաքսլիների մտավորական ընտանիքում ծնված Օլդոս Հաքսլին, հետևելով եղբայրներին, նվիրվեր գիտությանը, ինչը նրա վաղեմի մտադրությունն էր: Սակայն ճակատագիրն այնպես տնօրինեց, որ նա գրող դարձավ՝ Անգլիայի հայտնի գրական դեմքերից մեկը`հռչակված որպես բանաստեղծ, սոցիալական վեպերի հեղինակ ու երգիծաբան:

«Չքնաղ նոր աշխարհը» Հաքսլիի կերտած ապագան է, որտեղ ամեն ոք պատկանում է այլոց, և մարդիկ օրորոցից դաստիարակված են այնպես, որ չեն կարող դաստիարակությամբ նախատեսվածից բացի այլ վարքագիծ դրսևորել: Եվ եթե որևէ բան այնպես չգնա, մշտապես կա սոման՝ երջանկության ոչ այդքան վեհ, բայց օգտակար հաբը: Սոման կնվազեցնի զայրույթը, կհաշտեցնի թշնամիների հետ, կդարձնի հանդուրժող ու համբերատար. մեկ-երկու կեսգրամանոց հաբ, և հիասքա՜նչ արձակուրդը մտավոր և զգայական հաճույքների երևակայական աշխարհում երաշխավորված է:

«Չքնաղ նոր աշխարհի» Վայրենին՝ մարդուց ծնված գրեթե վերջին էակը, հայտնվել է Շեքսպիրի, Հաքսլիի ժամանակների և ապագայի աշխարհների միջև, իրար հակադարձող ու հակասող արժեքների անհույս փնտրտուքում: Իսկ մենք թեպետ կարող ենք գնահատել, թե որքանով են չքնաղ մեր ժամանակները, չենք կարող երևակայել է՛լ ավելի չքնաղը, նոր ժամանակի աստծուն (լինի Ֆորդ կամ Ջոբս) երկրպագող, երջանկության հաբի հույսին մնացած համաշխարհային հասարակությունը, ինչպես դա արել է Օլդոս Հաքսլին:

Գրքի հայերեն առաջին հրատարակության շնորհանդեսը կկայանա Գրքի երևանյան տոնավաճառի շրջանակներում նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.00-ին: Շնորհանդեսի ընթացքում նախատեսվում է հանդիպում–քննարկում վեպի թարգմանիչ Լիլիթ Հայրապետյանի և գրականագետների հետ:

Հասցեն՝ ՀՀ ԱԳՆ նախկին շենք, Հանրապետության հրապարակ