Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ

Պաշտոնական
gov-1

Կառավարության ղեկավարի այսօրվա հանձնարարականներից մեկը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող՝  2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: «Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության  և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,-նշել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։ «Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում,  տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։ Կառավարության ղեկավարը  հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է  առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։