Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Ադրբեջանը մոտենա ԵՏՄ-ին, ագրեսիվ քայլերից պիտի զերծ մնա»

Քաղաքականություն
shavarsh

Եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ապա դա կպահպանի ԵՏՄ պայմանագրային դրույթն այն մասին, որ նույնիսկ դիտորդ երկիրը չպետք է որեւէ քայլ ձեռնարկի ի վնաս անդամ պետությունների, կամ ընդհանուր առմամբ՝ ԵՏՄ-ին: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի արտահայտած այն մտքին, թե հնարավոր է Ադրբեջանը եւս միանա ԵՏՄ-ին:   «Դա ենթադրում է՝ եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձեւով մոտենալ ԵՏՄ-ին, ապա այլեւս ագրեսիվ քայլեր չի ձեռնարկի: Իսկ եթե խոսենք տնտեսական դաշտից, բավական է նշել մի բան, որ նա շրջափակում է ՀՀ-ն: Ակնհայտ է, որ դրանք գործողություններ են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետությունների շահերի: Դրա համար ԵՏՄ միանալը կամ դիտորդ դառնալը ներկայումս էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կստանձնի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե դիտորդ, թե անդամ պետությունների համար: Իսկ դա նշանակում է շրջափակումը վերացնել, թշնամական գործողություններ չիրականացնել, դա նաեւ նշանակում է վերջ տալ հայատյացությանը»:  Ինչ վերաբերում է վաղը՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրմանը, պա պարոն Քոչարյանը կոչ արեց մեկ օր էլ սպասել. «Ընդամենը մեկ օր է մնացել՝ բոլոր հարցերի պատասխանը կլինի: Ինքնին այդ համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված ԼՂ հակամարտության հետ կապված, եւ այդ ստորագրումը ապագայում նմանատիպ հարցերը կհանի, այս փուլում դեռ բանակցություններ են գնում»: