Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում 0-ից սկսելու հնարավորություններ կան. արաբագետը՝ սիրիահայերի վերադարձի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
DSC09225

Սիրիական հակամարտությունը կասեցվել է, սակայն չի հանգուցալուծվել: Դրա համար անհրաժեշտ է, որ դերակատարները քաղաքական կամք դրսևորեն, ինչը, սակայն, տեսանելի չէ: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հենարան» ակումբի հյուրերից արաբագետ Արմեն Պետրոսյանը: Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած վերջին հանդիպումներին՝ Վլադիմիր Պուտին-Բաշար ալ Ասադ, ապա՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահների եռակողմ հանդիպում, նա նշեց. «Դրանցով փաստացի ամրագրվում էր Սիրիական հակամարտության մեջ որակապես նոր փուլի անցման մեկնարկը, որն իրենից ներկայացնում էր հակաահաբեկչական պայքարի ավարտ՝ Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունների ավարտ և քաղաքական գործընթացների նախապատրաստում: Երեք նախագահների վերջին հանդիպումն ավելի արարողակարգային և խորհրդանշական էր, որի նպատակն էր ի ցույց դնել ամբողջ աշխարհին այս 3 հիմնական դերակատարների մասնակցությամբ ձեռք բերված վերջին հաջողությունները Սիրիական հակամարտության շրջանակներում, հատկապես հակաահաբեկչական պայքարում և մասնավորապես Իսլամական պետության դեմ պայքարում»: Ըստ մյուս բանախոսի՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանի, մինչ պատերազմը, Իրանը գերակա ազդեցություն ուներ Սիրիայում, պատերազմի պարագայում վիճակը քիչ այլ է: Իրանը չի պատրաստվում հավասարը հավասարի հետ կիսել ձեռքբերվածը Թուրքիայի հետ Սիրիայի տարածքում, քանի որ, ինչպես հայտարարություններում հնչեցնում է իրանական կողմը, Թուրքիան ի սկզբանե ունեցել է այլ դերակատարություն: Իրանն ավելի է փորձելու ուժեղացնել իր ազդեցությունը թե´ Սիրիայում, թե´ Իրաքում: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո նկատվում է հայ համայնքի վերադարձ Սիրիա: «Ա1+»-ի հարցին՝ հակամարտությունը չհանգուցալուծված՝ որքանո՞վ է հայերի վերադարձը խելամիտ, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Սիրիական համայնքի զբաղեցրած շրջաններն անվտանգ են ու բավական տևական ժամանակ: Անվտանգության տեսանկյունից ամենախոցելին Հալեպի վիճակն էր, որը 2016թ.-ի վերջից արդեն վերջնականապես ազատագրվեց սիրիական կառավարության կողմից, Դամասկոսում ևս հայ համայնքի զբաղեցրած շրջաններն անվտանգ են: Որոշակի խնդիր կա Քեսաբի հետ կապված, բայց քանի որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մեջ կա համաձայնություն, կարելի է ֆիքսել, որ Քեսաբի անվտանգության խնդիրն էլ է լուծված: Որոշակի առումով Հալեպի դեմ կա սպառնալիքի հնարավորություն Իդլիբ նահանգից, բայց այնտեղ այսօր այնպիսի իրավիճակ է, որ շրջանը վերահսկող ուժերի միջև անդադար հակամարտություններ կան, որոնք հյուծում են այդ ուժերը: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ նրանք կարող են թողնել իրենց միջև եղած հակամարտությունը և գնան կառավարական ուժերի դեմ, եթե իհարկե նոր աջակցություն, նոր ծրագրեր չլինեն, որոնք այս պայմաններում ես չեմ կանխատեսում: Սիրիայում այսօր ստեղծված իրավիճակը լայն հնարավորություն է տալիս տնտեսական հաջողություններ ունենալու՝ 0-ից սկսելով»: