Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում են քանդել այս երկիրը. ագնի-յոգայի հետևորդը՝ պատվաստումների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
papiloma-1

Դեկտեմբերի առաջին տասնօրյակից Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում կսկսվեն մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» դեղամիջոցի պատվաստումները։ «Գարդասիլի կիրառությունն սկսվել է 2006 թվականից։ Հայաստանում 10 տարի է արդեն այն գրանցված է ու կիրառվում է։ 2000 հոգու գարդասիլ պատվաստվել է արդեն։ Այն ներդրվել է, որ մարդիկ ոչ թե 50 հազար դրամ տան պատվաստվեն, այլ դա անեն անվճար։ Երբ ես ունեցա աղջիկ ու սկսեցի  պատվաստումները, ես տեսա, որ վիրուսի դեմ պատվաստում չկա։ Որոշել եմ՝ ես նույնպես աղջկաս անելու եմ պատվաստում, որ զերծ լինի արգանդի վզիկի քաղցկեղից»,- նշում է բժիշկ Արսեն Թորոսյանը։  Խոսելով պատվաստման շուրջ բարձրացված աղմուկի մասին՝ բժիշկը նշեց՝ աղմուկ բարձրացնողների մեծ մասը Հայաստանում չի էլ ապրում։ Արսեն Թորոսյանը նաև նշում է, որ պատվաստումից առաջացած կողմնակի երևույթների լուրջ դեպքեր չեն գրանցվել։ «Կնոջ մահը երկրի անվտանգության հարց է։ Մենք ո՞նց կարող ենք դրան դեմ լինել։ Պատվաստումներն ամբողջ բժշկության մեջ համարվում են ամենաանվտանգ միջամտությունները։ Ամենածանր կողմնակի երևույթը, որ կարող է լինել՝ ծանր ալերգիկ ռեակցիան է։ Գարդասիլի դեպքում 1.7 միլիոնից 1-ի մոտ է ալերգիկ ռեակցիա առաջանում։ Ինչպե՞ս կարող է պատվաստումն առաջացնել չբերություն, եթե անգամ հիվանդությունը չի առաջացնում չբերություն։ Արսեն Թորոսյանի հետ համակարծիք չէ հրպարակախոս, ագնի-յոգա ուսմունքի հետևորդ Հրայր Ուլուբաբյանը։ Նա գտնում է, որ մոտակա 200 տարիների ընթացքում չի լինի քաղցկեղի բուժում։ «Ես մի շարք անբուժելի հիվանդություններից բուժվել եմ յոգայի միջոցով։ Իմ առաջին երեխան մահացել է բժիշկների մեղքով, ես դա ապացուցել եմ»,- նշեց Հրայր Ուլուբաբյանը։ Հրայր Ուլուբաբյանի կարծիքով՝ բժշկության հիմնական ուղին պետք է պրոֆիլակտիկան լինի, բայց դրանով չեն զբաղվում, որովհետև պրոֆիլակտիկան պետք է սկսեր կրթական համակարգից՝ ճիշտ ապրելակերպ դաստիարակելուց, իսկ կրթական համակարգը ապականված է։ «Ազգն ապականվում է և ներսից, և դրսից։ Ուզում են քանդել այս երկիրը։ Էս տարիների ընթացքում ես պայքարել եմ և Հայաստանի, և Արցախի գլխավոր ուռուցքաբանների դեմ։ Ես պայքարում եմ այդ չարիքի դեմ։ Ինչպե՞ս հավատալ այն մասնագետներին, որոնք իրենց գործունեությամբ կարող են նոր հիվանդություններ ստեղծել, առանց դրա հետ կապը ստեղծելու»,-ասաց հրապարակախոսը։ Դեմ լինելով այս տեսակետին՝ Արսեն Թորոսյանը փաստում է, որ պատվաստումների շնորհիվ աշխարհում անհետացել են հիվանդություններ, որոնցից մահանում էին միլիոնավոր մարդիկ։ «Իրականում սա արհեստածին պայքար է, եթե կողմնակի մարդիկ հայտարարություններ չանեին, այդ հիստերիան չէր առաջանա։ Նույն դեղը նույն քանակով տրվելու է և Մոլդովային, և Վրաստանին։ Այնտեղ ոչ մի հիստերիա չկա»,- հավելեց բժիշկը։