Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խցում սիրտս տրաքում է». Սասնա ծռերին օժանդակողները բողոքում են

Քաղաքականություն
sasna-crer-1

Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր Երևան -Կենտրոն քրեակատարողական հիմնարկից չէր բերվել դատարան։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանում ընթերցեց Երևան -Կենտրոն ՔԿՀ պետի գրությունը, ըստ որի՝ Կարո Եղնուկյանի ճնշումը կրկին բարձրացել է, և նա հրաժարվել է որևէ բուժօգնությունից ու  դեղորայք ընդունելուց։ Դատարան էր ստացվել նաև Կարո Եղնուկյանի գրությունը, որով նա խնդրել էր նիստն անցկացնել առանց իրեն։ Կարող Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց այսուհետ նիստերն անցկացնել առանց Եղնուկյանի և ընդհանրապես նրան նիստերի դահլիճ չբերել։ Գործով պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ Եղնուկյանի ինքնազգացողությունը վատանում է հենց նիստերի օրերին։ Դրանից հետո Մուշեղ Շուշանյանը մեկ այլ խնդիր բարձրացրեց դատարանում։ Նրա պաշտպանյալներից Գառնիկ Հովակիմյանը տեղեկացրել էր, որ դատապարտյալների հիվանդանոցից իրեն, Խաչատուր Գիչյանին, Արմեն Լամբարյանին և Արթուր Սողոմոնյանին դատարան են բերում մի գազելով, որտեղ խցերը շատ փոքր են, օդ չկա շնչելու։ Գառնիկ Հովակիմյանը հայտարարել է, որ եթե նորից նման գազելով բերեն, այլևս չի մասնակցի նիստերին։ «Խցում սիրտս տրաքում է»,- ավելացրեց Խաչատուր Գիչյանը։ Այսօր Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Վարդգես Գևորգյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց փոխել նրա խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, իսկ չբավարարելու դեպքում կիրառել գրավ։ Դատախազ Արթուր Չախոյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նա եղել է դասակի հրամանատար, հափշտակել է ռազմամթերք և ցանկացել է միանալ Սասնա ծռեր խմբի անդամներին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, ուստի կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։  Մինչ դատավորը կհեռանար խորհրդակցական սենյակ, Վարդգես Գևորգյանը միջնորդեց իր գործն առանձնացնել Սասնա ծռերից։ Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է։