«Քայլեր՝ բիզնեսը ոգեկոչելու համար». վարչապետը գոհ է ՊԵԿ նախագահից (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ այսուհետ ապրանքների պիտակները տնտեսվարողներին տրամադրելու են անվճար։
Բացի այդ, նա նշեց, որ ԵՏՄ երկրներից ներմուծումը անելու դեպքում տնտեսվարողները կօգտվեն էլեկտրոնային սարքերից եւ այլեւս ստիպված չեն լինի ներմուծման համար նախատեսված ուղեկցող փաստաթղթեր ունենալ։

Վարչապետ Կարեն Կարապետյանին ՊԵԿ նախագահի այս եւ մյուս առաջարկները եւս դուր եկան. «Այս քայլերն իրականացվում են բիզնեսին ոգեկոչելու համար։ Բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը խնդիրներ է հնչեցնում` օրինախախտ տնտեսվարողներին օրինական դաշտ գցելու համար, արդարացված են։ Բոլոր օրինավոր տնտեսվարողների համար այս նախաձեռնությունները ոչ միայն որեւէ խոչընդոտ չեն առաջացնում, այլեւ նպաստավոր են»:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ. «Չի բացառվում, որ նոր նիստի արձանագրություն եւս ներկայացնենք, քանի որ կան Սահմանադրությունից բխող փոփոխություններ, որոնք մինչեւ տարեվերջ պետք է հասցնենք»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին առաջարկեց ԱԺ արտահերթ նիստի փաթեթում ներառել նաեւ ԿԲ հետ կապված մի շարք նախագծեր։