Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը կրկնեցին քայլերը

Իսպանիայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության 6-րդ տուրի պարտիայում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Կողմերը շատ ակտիվ սկսեցին եւ խաղասկզբում մի քանի հավասարազոր փոխանակումներ արեցին: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը 18-րդ քայլին երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե որ տարբերակով շարունակի գրոհը: 22 րոպե մտածելուց հետո նա ընտրեց ձիով տարբերակը, որն ըստ համակարգչային ծրագրի՝ այնքան էլ վտանգավոր չէր: Արդյունքում, վեց քայլ հետո շախմատիստները հաշտություն կնքեցին՝ դիրքը երկու անգամ կրկնելու համար:

Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ պահպանեց առաջատարի իր դիրքը: Նրան կարող են հավասարվել Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հարիկրիշնան ու Դմիտրի Յակովենկոն, եթե այսօր հաղթեն իրենց մրցակիցներին, սակայն լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստը կմնա առաջին հորիզոնականում: