Ֆրանսիական գինիների մասնագիտական համտես՝ դեսպանատանը (տեսանյութ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ,  Բիզնես Ֆրանսը, որը ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունն է, կազմակերպել էր  ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների մասնագիտական համտես։ Չորս  ձեռնարկություն ներկայացրեցին իրենց արտադրանքը՝ 22 տեսակ գինիներ և ոգելից խմիչքներ, Ֆրանսիայի խաղողագործության՝  Բորդո, Բուրգունդիա, Էլզաս, Պեյի դ Օք, Արմանյակ շրջաններից։

22.11 Ruzanna.Still012

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի խոսքով, ֆրանսիացիները մեծ կապվածություն ունեն իրենց գինեգործական ավանդույթների հետ։ Գինու հանդեպ մոտեցումը Ֆրանսիայում ամրագրված է օրենքով, մասնավորապես, գյուղատնտեսության վերաբերյալ օրենսգրքում ամրագրված է, որ գինին և խաղողից ստացված մթերքները և այն հողերը, որտեղ խաղող է աճեցվում, Ֆրանսիայի կողմից պահպանվող մշակութային, գաստրոնոմիկ, պատմական ժառանգության կարևոր մաս են կազմում։

22.11 Ruzanna.Still011

«Ֆրանսիայում գինեգործությունը առաջատար ճյուղերից է ։ Աշխարհում գինու արտադրության 16 տոկոսը և գինիների արտահանման 30 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային: Նպատակ ունենք  ներգրավել  նաև Հայաստանը, որտեղ գինին գաստրոնոմիկ մշակույթի ժառանգության անքակտելի մասն է կազմում, չմոռանանք, որ մենք Արարատ լեռան փեշերին ենք և որ առաջին խաղողի այգիները այստեղից շատ մոտ տարածքում են աճել»,-ասաց դեսպանը:

Իվ Դիտրիխը Էլզասից է։ Նրա բիզնեսը ընտանեկան բիզնես է, ծավալները փոքր են, սակայն  իր սեփական գինիներն է արտադրում ռիսլինգ խաղողատեսակից, որն աճում է առանց հողի և իրեն լավ է զգում խճային և թերթաքարի խառնուրդով ավազային հիմքում։

«Հայաստանը ինձ միշտ է հետաքրքրել է, -ասում է նա,-որովհետև գիտեի, որ գինեգործության օրրաններից մեկն է։ Հայկական գինիներն էլ բավականին հետաքրքիր են։  Եվ քանի որ Հայաստանում հողը հրաբխային ծագում ունի, խաղողի որթերը կարողանում են զերծ մնալ խաղողի տերևները չորացնող ֆիլոքսերայից»։  

22.11 Ruzanna.Still010

«Լե Գրան Շե դը Ֆրանս»- խոշոր գինեգործական արտադրության ներկայացուցիչ  Անդրեաս Քիթշենի խոսքով այս տարի Ֆրանսիայից Հայաստան ներմուծվող գինիների 30 տոկոս աճ է գրանցված։ «Այսինքն հայ սպառողը հետաքրքրված է մեր արտադրանքով,-ասում է նա,- ինչ վերաբերում է հայկական գինիներին, ես համտեսել եմ, և ասեմ, որ հիանալի համային հատկանիշներով գինիներ են։ Ասեմ նաև, որ Բորդոյում անցկացվող գյուղատնտեսական միջոցառումների ժամանակ հայկական գինիները տարեց տարի ավելի ու ավելի շատ են ներկայացվում:

Նման համտես Հայաստանում Բիզնես Ֆրանսն առաջին անգամ  է կազմակերպում։ Դեսպանի խոսքով, գինին էլ  Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորհուրդներից մեկն է։ «Երկու օր հետո Հայաստանը կստորագրի ԵՄ հետ  պայմանագիրը, որով կդյուրացվեն առևտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև,ասաց դեսպանը։ -Այս իմաստով համտեսը լավագույն առիթն է, ոչ միայն հայկական շուկայի հեռանկարները ուսումնասիրելու այլև նոր համագործակցության հեռանկարների համար»: