Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը խոստանում է պատժել արտասահմանյան համարներով օրինախախտներին

Հասարակություն
traffic

Վերջին 10 տարիներին հանրապետություն է ներկրվել շուրջ 300 000 տրանսպորտային միջոց, որոնց մեծ մասը շահագործվում է մայրաքաղաքում։ Այդ պատճառով մեծացել է փողոցների ծանրաբեռնվածությունը, առկա են խցանումներ։ Ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է մի շարք փոփոխություններ՝ երթևեկության խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները ՃՈ աշխատակիցները ամփոփեցին այսօրվա ասուլիսի ընթացքում։ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի խոսքով՝ ուժեղացված ծառայության շնորհիվ տուն-դպրոց-տուն ճանապարհին դպրոցականների հետ կապված դեպքեր չեն գրանցվել, դպրոցի մերձակա տարածքներում գծանշումները թարմացվել են, իջեցվել է տրանսպորտային միջոցների արագությունը։ Նախատեսվում է հետիոտնային անցումները 5-10 սմ-ով բարձրացնել՝ մեքենաների արագությունը իջեցնելու և անցումն առավել անվտանգ դարձնելու նպատակով։ Առաջիկայում նախատեսվում է զարգացնել հեծանվային տրանսպորտը, որը կնպաստի երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Ճանապարհները, որոնք լայն մայթեր ունեն, կգծանշվեն, և հեծանվորդները կկիսեն այն հետիոտնի հետ, իսկ այն հատվածներում, որտեղ մայթերը նեղ են, վարորդը և հեծանվորդը կկիսեն 1-ին երթևեկելի գոտին։ ՃՈ պետը նաև տեղեկացրեց. «Մինչև տարվա վերջ բոլոր քաղաքացիները կիրազեկվեն՝ արտասահմանյան հաշվառման համարանիշերով ավտոմեքենաները, որոնք սահմանակետը կանցնեն և խախտում կունենան, մենք կիրազեկենք վարորդին, իրենք կստորագրեն, որ ծանուցվել են, դուրս կգան։ Հետ գալիս արդեն համապատասխան ընթացակարգով՝ ինչպես ՀՀ քաղաքացիները, իրենց վճարումը պետք է կատարեն»։ Մտահոգությանը, թե հնարավոր է իրավախախտ վարորդը մեկ անգամ հատի սահմանն ու այլևս չվերադառնա, ՃՈ աշխատակիցը պատասխանեց, որ նրան տրվում է հնարավորություն վճարումը կատարել հատելիս կամ վերադառնալիս, հակառակ դեպքում հնարավոր է նրան այլևս չտրվի մուտքի վիզա։