Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բլինդաժում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, սակայն ջերմոցային պայմաններ էլ չեն լինի»

Քաղաքականություն
e489a8c4e6a3e8c196023c64ca5ac0c5

ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ կլոր սեղան- քննարկմանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանին մի հարց էր հետաքրքրում` գիտական ներուժի օգտագործումը ինչպե՞ս է լինելու ծառայության ընթացքում` բոլոր գիտաշխատողները դառնալու են ընդամենը ծրագրավորող, ռադիոֆիզի՞կ. «Մինչդեռ նրանք, օրինակ, պետք է մասնակցեն սեմինարների, քննարկումների։ Արդյոք բանակը պատրա՞ստ է ապահովել նրանց ամեն ինչով։ Եթե չեն լինելու այդ պայմանները, արդյոք այդ գիտնականները կզորակոչվե՞ն, թե կմնանք տնտեսությանը օգուտ տալու։ Թե ինչ պայմաններ են լինելու բանակում, խնդրում եմ սրանք հանրայնացնել»: Ի պատասխան ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ ամեն տարվա համար կոնկրետ է որոշվում, թե քանի ֆիզիկոս, քանի ծրագրավորող է պետք բանակին. «Հաստատ չի լինի գիտական ղեկավար բանակում, այլ լինելու է հրամանատար։ Բլինդաժում, կացարանում հնարավոր չէ գիտությամբ զբաղվեն, սակայն ջերմոցային պայմաններում չեն անցկացնելու իրենց ծառայությունը, դա անազնիվ կլինի մյուսների նկատմամբ, այլ ստեղծելու ենք պայմաններ` եթե գիտության մղում ունեն, ուրեմն կարողանան զբաղվել։ Հետո այդ տղաները շնորհակալ են լինելու, որ էֆեկտիվ են անցկացրել ծառայության այդ տարիները։ Այդ մեխանիզմները կան։ Մեր սկզբունքն է` ծառայություն, սակայն այլընտրանքներով, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ծառայությունն անցնի իր գիտելիքները ճիշտ օգտագործելով։ Մենք չենք ուզում, որ գիտնականին երկու տարի հավսար-զգաստ շարք կանգնեցնենք, որից հետո, իհարկե, կարող է հավեսը կորցնի գիտության նկատմամբ։ Մենք հո մեր հասարակության համար նոր պրոբլեմ չե՞նք ստեղծելու։ Այս դեպքում շահում է գիտությունը, շահում է ռազմարվեստը»:   Գարիկ Պետրոսյանը ավելացրեց նաեւ, որ ցանցային ադմինիստրատոր լինելը դեռ գիտության համար ծառայել չէ. «Օրինակ` այդ դեպքում փիլիսոփայություն, հոգեբանություն ավարտածներն ի՞նչ անեն»։ Արտակ Զաքարյանը ասաց, որ «Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» նոր օրենքով հնարավորություն է տրվում ուսանողին իր իմացածը ներդնել բանակում։ Փիլիսոփաների, հոգեբանների ներգրավվածության մեխանիզմները եւս կգտնենք։ Ինքնախաբեությամբ չզբաղվենք. մենք չենք ասում, որ մի սենյակ կգտնենք, փիլիսոփային կասենք` գնա, նստի, փիլիսոփայությամբ զբաղվի։ Ձեր մտահոգություններից շատ ավելի մեծ են մեր մտահոգությունները, որ պարզ, շիտակ լինենք եւ ձեր առաջ, եւ այն հեռավոր գյուղում ապրող երիտասարդի, որը նորմալ կրթություն չի ստացել։ Մենք ուզում ենք բոլորի համար լուծում գտնել։ Մենք պետք է աշխատող լուծում գտնենք»: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այս պահին կա 563 բանասիրության թեկնածու. «Այս դեպքում մենք պետք է գտնենք ճիշտ, հստակ չափանիշներ, թե ով է ծառայելու, ով շարունակվելու ուսումը»։  Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանի տվյալներով` ծառայությունից հետո հեռահար ուսում է ստացել երիտասարդների 13 տոկոսը, 10 տոկոսը մասնագիտությունը փոխել է, 21 տոկոսը ընդհանրապես խնդիր չի ունեցել բանակից հետո։ Ստացվում է` 69 տոկոսի վրա է ազդել ծառայությունը հետագա ուսման առումով։ Լինում են դեպքեր, երբ բժշկական զննությունը ցույց է տվել, որ տվյալ տղան ունի խնդիրներ ու ըստ այդմ` պետք է սահմանափակվի նրա ծառայությունը, եւ այս դեպքում նա սպայական կոչում չի կարող ստանալ։ Այս դեպքում, ի՞նչ պետք է լինի, եթե բակալավրիատից հետո ուզում է շարունակել ուսումը, սակայն պետք է պայմանագիր կնքի ՊՆ հետ»։  Արտակ Զաքարյանը վստահեցրեց, որ առողջապահության հանգամանքը կարեւոր է, սակայն առաջնահերթ չէ. «Զուտ գիտական աշխատանք է լինելու նրանց դեպքում բանակում, այս դեպքում առողջական խնդիրները խոչընդոտող չեն լինելու։ Չի լինի այնպիսի առողջական խնդիր, երբ երիտասարդը շատ ուզենա ծառայել, ու մենք աչք փակենք, ասենք լավ` արի»։  Նախաձեռնության մեկ այլ անդամ Սարգիս Բալդարյանն իր հերթին նշեց, որ իրենց պայքարը 15 տոկոսի համար է. «Դուք համաձա՞յն եք, որ այս 15 տոկոսը հստակորեն զտվեն։ 18 տարեկանում դժվար է ասել` նա մեծ գիտնական դառնալո՞ւ է, թե ոչ։ Փաստ է, որ «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթին ջախջախիչ մեծամասնությամբ հաղթել են ծառայություն չանցած ուսանողները։ Ո՞ւր են այն երիտասարդները, որոնք տարկետում չեն ստացել, ծառայել են, սակայն չկան գիտության մեջ»: