Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները խոստանում են գիտությամբ զբաղվելու պայմաններ՝ բանակում (տեսանյութ)

Քաղաքականություն
zin3

ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ կլոր սեղան- քննարկմանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ փորձելու են բոլոր հարցերն իրար հետ ամրագրել, հասկանալ խնդիրները: Ըստ նրա` զինվորական ծառայության և գիտության մեջ բացարձակապես հակասության չկա. «Այս խնդիրն արհեստական է, և խոսքը գնում է մի քանի ուղղություններով անընդհատությունը պահպանելու մասին»։ Նա նաեւ հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին օրերից շարժիչ ուժը եղել են մեր գիտնականները, որ թողեցին իրենց գրիչն ու գնացին՝ կամավոր կատարելու ծառայությունը. «Հարցը սկզբունքի խնդիր է: Օրենքն ընդունված է: 18 տարին լրացած ցանկացած անձնավորություն, որ նոր է մտնում կյանք և չգիտի դեռ ինչ է դառնալու, պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև»: Նախարարի խոսքով` որոշ մասնագիտությունների ուղղությամբ կա անընդհատության խնդիր և, քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդների մեծ մասին ավարտել բակալավրիատը և հետո անցնել ծառայութան, «Հավանաբար, մի սկզբունք էլ պետք է լինի, որ բակալավրն ավարտողները կարողանան գնալ սպայական ծառայության և մեկ տարի անց կարողանան նաև զբաղվել գիտությամբ: ՊՆ հետ պետք է հասկանալ, թե որ մասնագիտացումներն ունեն անընդհատության խնդիր, իսկ ասպիրանտուրային անցումն ավելի հեշտ լուծելի է, քանի որ երիտասարդներն արդեն հստակ կողմնորոշված են: Այս խնդիրները ենթաօրենսդրական դաշտի մեջ լուծելի տիրույթում են»։ Պարոն Մկրտչյանը ներկայացրեց 2007-2016թթ-ի պաշտպանածների և գիտության մեջ մնացածների վիճակագրությունը: Ըստ այդմ` ընդհանուր դոկտորները 445-ն են, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թ. նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191, թեկնածուներից` 646 հոգի, որոնց մեջ կան նաև ոչ ՀՀ քաղաքացիներ, բայց դա փոքր թիվ է, այսինքն` դոկտորներից 42.9%, թեկնածուներից 12.8%, իսկ ընդհանուր` միայն 15% -ն է մնում գիտության մեջ: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով` իրենց բարձրաձայնած խնդիրներից առաջինն այն է, թե բանակային ծառայություն անցած ուսանողների կրթական պրոցեսն ինչպե՞ս է ընթանում, իսկ այն ուսանողների համար, որ սովորում են ասպիրանտուրայում, բանակում ինչպիսի՞ պայմաններ են ստեղծվելու, որ նրանք կարողանան զբաղվել նաև գիտությամբ: Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` նշելով, որ կան համապատասխան պայմաններ։ Լեւոն Մկրտչյանն իր հերթին նշեց, որ բուհերում անվճար տեղերն ավելացել են։ Նախաձեռնության անդամ Հայկ Սարգսյանն ի պատասխան արձագանքեց, որ գիտնականների շարքում ծառայածների թիվը բավականին քիչ է. «Այս օրենքով հարցականի տակ կդրվի այդ մասսայի գոյությունը»։ Արտակ Զաքարյանը նշեց, որ օրենքը այդ խնդիր չի լուծում` խնդրի լուծումները տեղափոխել են Կառավարության որոշումների դաշտ։