Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով

Հասարակություն
DSC_7118

Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը (ՀԱԱՊ) «Օպերա Սյութ» հյուրանոցում հրավիրել է իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորել է ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները եւ ֆինանսական հաշվետվությունները: Նախքան քվեարկությունը` ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց հետագա քայլերը: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց Արա Հովսեփյանին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին: Էլինա Մարկարյանը («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանրային գործերի եւ հաղորդակցության տնօրեն) եւ Ահարոն Լեւոնյանը («ԷՍ-ԱՅ Հոլդինգ» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն) ընտրվեցին ՀԱԱՊ-ի 1-ին եւ 2-րդ փոխնախագահների պաշտոններում: Ընդհանուր ժողովը ընտրեց նաեւ խորհրդի նոր տնօրենների կազմը. Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ՓԲԸ), Իրինա Դումանյան («Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ), Փոլ Էդգար («Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ), Կարեն Գարասեֆերյան («Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ), Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ), Աշոտ Ղազարյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Արթուր Հովհաննիսյան («Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերություն), եւ Դավիթ Սարգսյան («Ամերիա» ՓԲԸ): 2018 թ-ին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես՝ ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու Գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը նաեւ կսկսի իրականացնել վստահելի եւ անկողմնակալ արբիտրաժային դատարանի հիմնադրման գործընթացը: 2018 թ-ի կարեւոր նպատակներից է նաեւ ընդլայնել համագործակցությունը Եվրոպական եւ տարածաշրջանային Ամերիկայի առեւտրի պալատների հետ: ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թ-ից եւ ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների 121 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները եւ բարելավել բիզնես մթնոլորտը եւ ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առեւտրի պալատի եւ Ամերիկայի առեւտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ: