Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ են տղաները ականի վրա պայթել. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջում՝ Արցախում ականի պայթյունից զոհված 3 զինծառայողների դեպքի մասին։ Նա ֆեյսբուքում հանդես է եկել գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև. Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք եւ ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին։ Հանրությունը պետք է շատ հստակ պարզաբանում ստանա․ ինչու՞ են տղաները ականի վրա պայթել(՞)։ - Նրանք անկարգապահություն են արել եւ պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին։ Եթե այսպես է՝ ո՞վ է նրանց հրամանատարը եւ ինչու՞ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում։ Սա վերաբերվում է նաեւ այն դեպքին, եթե պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։

- Տարածքը գտնվել է թիկունքու՞մ․ այդ դեպքում ինչու՞ ականազերծված չի եղել կամ ինչու զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել։ - Հակառակորդի ձեռնարկած ականանետային գրոհի հե՞տ գործ ունենք։ Այս մասին հաղորդագրության մեջ ոչինչ չկա։ Եթե այդպես է՝ նման դեպքերի կանխարգելման կամ կորուստները նվազագույնի հասցնելու մեր մարտավարությունը ո՞րն է։ Իհարկե, հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի մանրամասները պարզվում են, բայց չեմ հիշում, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգություններից հետո հանրությունը հասկանալի պարզաբանումներ ստացած լինի։ Անթույլատրելի է, որ մենք այս ամենը ընկալենք որպես լրահոսի հերթական վերնագիր։ Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք։ Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը։ Որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրե՛ն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ։ Մենք սա թույլ չենք տա։