Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ. ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթն է

Հասարակություն
miav

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 17-ին մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այդ շաբաթվա ընթացքում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, այս վարակի վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորմանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես միացել է նշված միջացառումներին։ Դրանց շրջանակներում ՀԵՀ-ը ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության և ինքնաթեստավորման հնարավորության մասին տեղեկացնելու նպատակով նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, մարզահամերգային համալիրում կայացած համերգից առաջ երիտասարդների շրջանում տարածեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ, դահլիճի մեծ էկրանին ցուցադրվեց  ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևայի մասնակցությամբ տեսանյութ: Կոչեր հնչեցին թեստավորման անհրաժեշտության և սեփական ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու կարևորության մասին։ Արդյունքում Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդներ իրազեկվեցին, որ ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ, կարևոր է հետազոտվել/ինքնաթեստավորվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը և վարակված լինելու դեպքում ստանալ բուժում ու ապրել լիարժեք կյանքով: Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։