Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին 10 տարներին մեր երկրների ղեկավարները հանդիպել են ավելի քան 100 անգամ» (տեսանյութ)

Պաշտոնական
nalband

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը Մեծարգո Հայաստանի Հանրապետության նախագահ, Սիրելի Սերգեյ Լավրով,  Սիրելի բարեկամներ, Մեզ համար մեծ պատիվ է Հանրապետության նախագահի ներկայությամբ, Ռուսաստանցի իմ գործընկերոջս՝ Սերգեյ Լավրովի հետ միասին ազդարարել «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը արմատներ ունեցող թելերով և իրական բարեկամական զգացմունքներով, որոնք բոլոր ժամանակներում բնորոշել են մեր շփումները: Հենց այս է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբովանդակ հարաբերությունները: Ռուսաստանում հայերի ներկայության մասին վկայությունները թվագրվում են 11-րդ դարով, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը ստեղծվել է 300 տարի առաջ: Մենք հիշում ենք համատեղ տարեգրության հերոսական էջերը, դրամատիկ փորձություններն ու հաղթանակները: Մեր ժողովուրդներն այդ հաղթանակների խորանին զոհաբերել են բազմաթիվ իրենց զավակներին՝ արյունով ամրապնդելով մեր հարաբերությունները: Մենք լավ գիտենք Հայաստանի և Ռոսաստանի ականավոր զավակների անունները, ովքեր իրենց հավատարմությամբ առ մեր ժողովուրդների եղբայրությանը, բազմապատկել են հայ-ռուսաստանյան բարեկամության ավանդույթները: Այդ ավանդույթները փոխանցվել են սերնդե սերունդ: Այսօր էստաֆետը մեր ձեռքում է: Մեր հարաբերություններն այսօր կանխորոշում են բոլոր ուղղություններով միջպետական դաշնակցային փոխգործակցության վերընթաց զարգացումը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց ժամանակակից պատմության մեջ, ժամանակի փորձությունն անցած մեր երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններում: Այսօր հայ-ռուսաստանյան ռազմավարական դաշնակցային գործընկերությունը հետխորհրդային տարածաշրջանում ամենաարդյունավետներից և ամենահաջողվածներից մեկն է: Մեր հարաբերությունների ծավալն ու խորությունն արդեն իսկ խոսուն են: Առկա է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Վերջին 10 տարների ընբթացքում մեր երկրների ղեկավարների միջև կայացել են ավելի քան 100 հանդիպում: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար: Մեր երկրների ղեկավարները թափ են հաղորդում երկկողմ համագործակցությանը, նախանշում համատեղ ջանքերի ներդրման ռազմավարական ուղղությունները: Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև իրականացվում է արդյունավետ և համակարգված փոխգործակցություն, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային հարթակներում: Ձևավորվել է սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառներում: Հաստատված են ինտենսիվ կապեր երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և այլ գերատեսչությունների միջև: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը: Ռուսաստանյան ներդրումները գերազանցել են 3 միլիարդ ԱՄՆ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություն: Զարգանում է արդյունավետ համագործակցություն էներգետիկայի, այդ թվում և ատոմային, տրանսպորտի, լեռնարդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ բնագավառներում: Կնքվել է մինչև 2020թ. տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիրը, ինչը վկայում է երկարաժամկետ հեռանկարին միտված մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Տնտեսական համագործակցության լրացուցիչ հնարավորություններ ընձեռեց Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին: Զարգանում են ամուր գործընկերային կապեր Ռուսաստանի 70 սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև, պարբերաբար անց են կացվում միջտարածաշրջանային ֆորումներ, կնքվել է 2016-2021թթ. ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային ծրագիրը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հումանիտար համագործակցությանը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային, կրթական կապերին: Մեր երկրների միջև կապերի ամրապնդման գործում ահռելի ավանդ ունի Ռուսաստանի մեծաքանակ հայ համայնքը: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղաղաբաղի հինախնդրի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այս ամենի մասին պատմում է այս ցուցահանդեսը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին, որոնց հաջողվեց, հետադարձ հայացք նետելով, ներկայացնել ժամանակի փորձությունն անցած հայ-ռուսական բարեկամության փառահեղ կապերի վերջին 25 տարիների պատմությունը, որը մենք պետք է պահպանենք, զարգացնենք և առավել ամրապնդենք: Սիրելի պարոն Լավրով, խոսքը փոխանցում եմ Ձեզ: