Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմից մնացել է միայն մեկ հիմնական խաղացող (տեսանյութ)

Սպորտ
sport-basketbol-1

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր երեկոյան մեկնելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին այդ երկրի ընտրանու հետ կանցկացնի 2021 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: «Թիմի կազմը լիովին փոխվել է: Բավական է ասել, որ այս ամռանը աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցած բասկետբոլիստներից մնացել է միայն թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը: Այս փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ ԱՄՆ-ում հանդես եկող մեր բասկետբոլիստներին իրենց ակումբները թույլ չեն տվել գալ Հայաստան եւ միանալ հավաքականին: Իսկ ահա թիմի խաղարկող Ռայան Բոաթռայթը, չնայած գտնվում է Երեւանում, սակայն չի մասնակցի առաջիկա խաղերին, քանի որ հեռացված է հավաքականից՝ մարզիչների եւ թիմի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու համար», - այսօր Օլիմպավանում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն այդ կապակցությամբ ասաց. «Ռայան Բոաթռայթը թիմի միակ նատուրիլազացված խաղացողն է: Նա այս ամռանը ցույց տվեց իր բարձր խաղամակարդակը: Սակայն կան հարցեր, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ: Բասկետբոլը թիմային մարզաձեւ է, եւ մենք առաջին հերթին պետք է պաշտպանենք թիմի շահերը: Հենց դրանից ելնելով մենք նման որոշում ենք կայացրել», - ասաց փորձառու մասնագետը: Ինչ վերաբերում է առաջիկա խաղերից ունեցած սպասելիքներին, ապա Նիկշա Բավցեւիչը կարծում է, որ առաջատար բասկետբոլիստների բացակայությունը միանշանակ կազդի թիմի մարտունակության վրա, սակայն նույնիսկ ստեղծված վիճակում պետք է լավատես լինել եւ ցույց տալ առավելագույն արդյունք: