Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա՝ Ձեզ հանդիպել է Սերժ Սարգսյանը». Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0115486

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց մերժել դատախազին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:  Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատախազ Արամ Արամյանը  պատշաճ լիազորագիր չէր ներկայացրել: Միջնորդության մերժումը հիմք հանդիսացավ, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավոր Արթուր Օհանյանին: Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամները: «Դուք ձեր խիղճն ազատեք, ակնհայտ է, որ դուք կաշկանդված եք, ես տեսնում, որ դուք մարդկային հատկանիշներ ունեք, մի դարձեք կամակատար»,- ասաց  Վարդան Գերավետյանը:  Արամ Մանուկյանն էլ ավելացրեց, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը, եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում:  Դուք դատարան կոչվելու իրավունք չունեք»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա խնդրեց Արթուր Օհանյանին չխայտառակել դատական համակարգը. «Մենք այստեղ ենք, եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել:  Մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»,- ավելացրեց Արամ Մանուկյանը: Դատախազներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: