Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողություններն ընդլայնվել են»

Քաղաքականություն
Ashot

«Իշխանությունը հերթական անգամ Խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու»,- այս մասին անհանգստություն է հայտնում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Կառավարությունը պատրաստվում է Ազգային ժողովին ներկայացնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթ։  Ըստ Աշոտ Մելիքյանի՝ իշխանությունը որևէ բարեփոխման չի ցանկացել գնալ։ Այդ օրինագիծն իր մեջ պարզապես մեկտեղում է այն բոլոր փոփոխություններն ու լրացումները, որոնք կատարվել են վերջին 7 տարիների ընթացքում։ «Այս գործելաոճը հակասում է Եվրոպայի Խորհրդի կողմից  ընդունված քաղաքական որոշումների կայացման մեջ քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցին։ Այն միջազգային կառույցները, որոնց անդամակցում է Հայաստանը, պահանջում են, որ քաղաքական կարևոր որոշումներ կայացնելիս հասարակության կարծիքը հաշվի առնվի»,-նշեց Աշոտ Մելիքյանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարծում է, որ օրինագիծը ստեղծված է վերահսկողական գործառույթ իրականացնելու համար։ Այն խնդիրները, որոնք առկա են դաշտում, նոր օրինագծում իրենց լուծումները չեն գտել։ «Հեռարձակման ոլորտը մեզանում բավականին վերահսկելի է իշխանությունների, քաղաքական այլ ուժերի կողմից։ Հեռուստաընկերությունների հիմնադիրներն այսպես կամ այնպես միջամտում են դրանց գործունեությանը։ Հանրային հեռուստաընկերությունը, պետականից վերածվելով հանրայինի, այնուամենայնիվ չդարձավ հանրային և իշխանության խոսափողն է մնացել։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողությունները ընդլայնվել են, և այն ավելի շատ դարձել է վերահսկող, քան կարգավորող մարմին։ Օրինագծում հենց օգտագործվում է վերահսկում բառը»,- նշեց Աշոտ Մելիքյանը։ Անդրադառնալով խոսքի ազատությանը՝ Աշոտ Մելիքյանը փաստեց՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ հայկական հեռուստատեսությունը ամենաանազատն է, այլ լրատվամիջոցների հետ համեմատած։ Համացանցի ազատության վերաբերյալ Հայաստանը նույնպես հետընթաց է ապրել։ Անցած տարի մենք համարվում էինք ազատ, այս տարի արդեն կիսաազատ երկրների շարքում ենք համացանցի առումով։ «Հենց որևէ իրադարձություն է տեղի ունենում, որը լարում է հասարակական-քաղաքական մթնոլորտը, լրագրողների և լրատվամիջոցների վրա ճնշումը ավելանում է։ Դրա հիմնական պատճառն անպատժելիությունն է։ Օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանի» հետ կապված գործում ընդամենը 4 մեղադրյալ է եղել, մինչդեռ պաշտոնապես 21 լրագրող և օպերատոր տուժող են ճանաչվել։ Սարի Թաղում ընդամենը 9 անձի է մեղադրանք առաջադրվել, երբ տուժողներն էլի 20-ից ավելի էին։ Սա կանաչ լույս է վառում այն անձանց համար, որոնք կարող են իրենց թույլ տալ լրագրողի կամ օպերատորի գործունեությունը խոչընդոտել»,- հավելեց Աշոտ Մելիքյանը։