Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազդի՞ տարկետման իրավունքի սահմանափակումը գիտության զարգացման վրա. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
untitled

Թեպետ տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց Ազգային ժողովում, սակայն կրթության ու գիտության վրա այս վիճելի նախաձեռնության ազդեցության մասին առկա մտահոգությունները մնում են չփարատված, իսկ առաջացած հարցերը՝ անպատասխան: Լիովին անտեսվեցին հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները: Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, ինչպես նաեւ չիրականացվեց որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկում կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ: Ավելի քան 120 գիտաշխատողներ և դասախոսներ, մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով, հանդես եկան բաց նամակով՝ ուղղված ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Միևնույն ժամանակ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է կրթության ոլորտին հատկացվող գումարների հետեւողական կրճատում, ինչը կարող է ոլորտի վրա անդառնալի բացասական հետեւանքներ թողնել: Տեղի ունեցող գործընացները վկայում են կրթության ոլորտի ստորադասման, երկրորդ պլան մղվելու եւ միլիտարիզացիայի խորացման միտման մասին: Ի՞նչ ազդեցություն է ունենալու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կրթության համակարգի վրա, կարո՞ղ է արդյոք մասնագիտական հանրությունը լսելի դարձնել իր ձայնն իշխանությանը, կա՞ն արդյոք ուղիներ կրթության ոլորտի բյուջետային ծախսերի կրճատման արդյունքում կանխատեսվող բացասական հետեւանքները մեղմելու կամ մինիմումի հասցնելու համար, կարե՞լի է արդյոք այդ տրամաբանության մեջ մշակել օրենքի կիրառման մեխանիզմները՝ ենթաօրենսդրական ակտերը: Բանախոսներ են. ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան ՀՐԱՅՐ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, գիտաշխատող ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ծրագրի ղեկավար «Հանուն գիտության զարգացման» 2004թ-ի նախաձեռնության անդամ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ