Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւմտահայերենի պահպանության հարցը քննարկել են Վաշինգտոնում

Քաղաքականություն
738E729B-AA92-4C2F-8A8C-9EBE5225861C_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է. «Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բառբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ ենք, որովհետեւ արդեն 100 տարի Սփյուռքի մեջ ենք եւ հետզհետե մեր սերունդները կդժվարանան»: Ի տարբերություն Հայաստանում գործածվող արեւելահայերենի, արեւմտահայերենի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել, նշում է Կանադայի Մանքթոնի համալսարանի դասախոս Սիլվիա Կասպարյանը «Արեւմտահայերենը մնացել է միայն որպես Սփյուռքի լեզու, կապված է Սփյուռքի հետ»: Մինչդեռ, հայ համայնքներում երկրորդ եւ երրորդ սերունդներում հայերեն տանը գրեթե չեն խոսում՝ երեխաներին հայերենի գործում ապավինելով հիմնականում կիրակնօրյա դպրոցների վրա, պատմում է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ջեսի Առլենն, ով ինքն է կիրակնօրյա դպրոցում հայերեն դասավանդում. «Կիրակնօրյա դպրոցները բավարար չեն լեզուն սերունդներին փոխանցելու համար»: Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արեւմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ եւ ամենակարեւորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արեւմտահայերեն սովորել. «Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, եւ կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»: Նոր ժամանակները արեւմտահայերենի պահպանման համար նոր մոտեցումներ են պահանջում, նշում են գիտնականները. «ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արեւմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի եւ այլն», - Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթաց հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արեւելահայերենը: «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց եւ այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արեւելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»: Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարեւոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ ե՛ւ արեւելահայերենը, ե՛վ արեւմտահայերենը. «Կարելի է երկու լեզուներով հանգիստ խոսել եւ ապրել ու չզգալ, որ միայն միալեզու դառնամ, կամ միամշակույթ լինեմ»: