Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոշավանքից շահույթ ստացող Մայր Աթոռը վերակառուցման համար գումար չի հատկացնում (տեսանյութ)

Մշակույթ
goshavanq

«Շինարարական աշխատանքներն այստեղ ընթանում են արդեն չորս տարի, պետությունը շատ փոքր գումարներով է մասնակցում ծրագրին, դրա համար էլ այսքան ձգձգվում է»,- ասում է Գոշավանքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու վերականգնման աշխատանքների հեղինակ, ճարտարապետ Մերի Դանիելյանը: Այս տարի փոխվել  է վերակառուցող շինարարական կազմակերպությունը: Երեք տարի մի շինարարական կազմակերպություն է կատարել աշխատանքները, այս տարի մրցույթ են հայտարարել, որը շահել է վերականգնողական աշխատանքների գործը չհասկացող, փորձառություն չունեցող, սակայն ավելի փոքր գումարի նախագիծ ներկայացրած «Արհովշին» կազմակերպությունը: Տիկին Դանիելյանի խոսքով, Հուշարձանը վերականգնելու համար պրոֆեսիոնալ շինարարական կազմակերպություն է պետք, որ ունի գործից տեղյակ վարպետներ: Շինարարական կազմակերպությունը սեպտեմբերից է սկսել աշխատանքները, շատ քիչ գործ է արվել, որակն էլ այն չի եղել: Նաև ֆինանսական ներդրումները բավարար չեն, սա էլ է հետևանքներից մեկը: Գոշավանքի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու համար ստուգայցի եկած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դժգոհ էր թե նախորդ, թե նոր կազմակերպության կատարած աշխատանքից: «Երկուսն էլ վատ են աշխատել: Երկուսի աշխատանքից էլ դժգոհ եմ: Անհեռատես պլանավորում, անփույթ վերաբերմունք, աշխատանքի ձգձգում, նախատեսված ծավալների անհեռանկար ձևակերպումներ: Պետք է սահմանել խիստ վերահսկողություն, այդ թվում և՝ հանրային: Ամեն տարի նույն պատմությունն է եղել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել: Հաջորդ տարվա մրցութային փաթեթներում շինարարական ընկերությունների առջև պայման ենք դնելու՝ առնվազն 3 առցանց տեսախցիկի վերահսկողություն ապահովել։ Դա նաև ցանկացած քաղաքացու հնարավորություն կտա հետևելու աշխատանքին ամեն օր»,- ասաց նախարարը: Պատմամշակութային հուշարձան Գոշավանքում վերականգնման աշխատանքը սկսվել են 2012 թվականից։ Վերականգնողական աշխատանքները գնահատվել են 280 մլն դրամ: Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով, նախկինում ծախսվել է 55,5 մլն դրամ: 2017-ին հատկացվել է 17 մլն դրամ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկի լանջերի մի մասը վերականգնելուն, հաջորդ տարի հատկացվելիք 23 մլն դրամով նախատեսվում է մյուս լանջերի վերականգնումը: Օդի ցածր ջերմաստիճանն արդեն վնասաբեր է նման շինաշխատանքին, և այս տարվա գերխնդիրն է գոնե կոնսերվացման աշխատանքները հասցնել ավարտին, պահպանիչ ժամանակավոր ծածկեր ապահովել: Արդեն իսկ ավարտվել են Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման աշխատանքները: Գոշավանք վանական համալիրը 2003 թ-ից գործում է որպես ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ և  ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից 2004թ-ի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N616 որոշմամբ այն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը հանդիսանում է շահագործող: goshavanq1 Ներկա լրագրողներից մեկի հարցին, թե Գոշավանքում մեղրի ու Աստվածաշնչի վաճառքից շահույթ ստացող  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ղեկավարությունը ինչու որևէ ֆինանսական օգնություն չի ցուցաբերում, Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետը պատասխանեց, որ իրենք ուրախ կլինեն յուրաքանչյուր անձի օգնության համար, ի վերջո մշակույթը բոլորինն է: իսկ թե ինչու չի ցուցաբերվում, պատասխան չունի: Վանական համալիրի հին գրատուն-զանգակատան վերաբերյալ նախարար Ամիրյանը վերականգնման գործող գրադարան դարձնելու ծրագիր ունի: Նաև ծրագրում է, որ հաջորդ տարի կսկսվի թանգարանի կառուցումը, որի նախագծային էսքիզն արդեն կա: