Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք նույնպես երեխա ենք, աննորմալ կամ հիվանդ չենք». Անի Ասատուրյանը՝ ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ani

ՀՀ ԱԺ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նիստում, որը նվիրված էր Երեխաների համաշխարհային օրվան, ելույթ ունեցավ Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Ասատուրյանը՝ ներկայացնելով «Սոցիալական ներառում՝ յուրաքանչյուր երեխայի համար» թեման: Նրա հետ երկխոսություն-հարցազրույցը վարեց Քրիստինե Սարգսյանը: Անի Ասատուրյանը պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո գնացել է Խ. Աբովյանի անվան ուսումնարան, սակայն այնտեղ իրեն ասել են, որ ներառական կրթությամբ երեխա իրենք չեն ընդունում, քանի որ հարմարավետ պայմաններ չունեն. «Այդ բառերը ինձ շատ տխրեցրին: Ես կարող էի ծանոթի միջոցով գնալ այդ ուսումնարան, սակայն էլ չէի ուզում ոտք դնել այդտեղ: Ինձ վիրավորեց նրանց վերաբերմունքը, նրանք մեզ նեղացրին իրենց վերաբերմունքով: Նախ պետք է փոխվի ուսուցչի, դասախոսի վերաբերմունքը հատուկ կարիք ունեցող երեխայի հանդեպ: Մենք նույնպես երեխա ենք, աննորմալ կամ հիվանդ չենք, մեզ չպետք է տարանջատեն մյուս երեխաներից»: Դահլիճը սկսեց ծափահարել: Անի Ասատուրյանը հայտարարեց, որ հստակ մի երազանք ունի. «Ես ուզում եմ ապացուցել, որ մենք կարող ենք շատ ավելի բան անել, քան մեզ տրվում է: Ես ցանկանում եմ դառնալ մանկավարժ: Ես հուսով եմ, որ բոլորդ ինձ կընդունեք այնպիսին, ինչպիսին կամ»: Երեւանի «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ասատրյանի ելույթը վերջինն էր: Նա անդրադարձավ «Պատշաճ սնուցում՝ յուրաքանչյուր երեխայի համար» թեմային. «Պատկերացրեք մի մեքենա, որի մեջ բենզին չկա, սակայն դուք ուզում եք, որ այդ մեքենան աշխատի եւ ձեզ մի տեղից մյուսը տանի: Փոքր ժամանակ, երբ չէի ուզում ուտել, ծնողներս սա էին պնդում ու կրկնում, որ ես էլ մի մեքենա եմ ու վառելիքի կարիք ունեմ: Դե ոչ հաճախ սեփական կամքով ուտում էին այն, ինչ պատրաստել էր մայրիկը: Այսպես, տարիներն անցան, ու հասկացա, որ ծնողներս ճիշտ էին՝ մեր օրգանիզմը կարիք ունի սննդի: Երբ մեծացա ու սկսեցի առնչվել տարբեր հիվանդությունների հետ՝ հանդիպելով երեխաների, որոնք առողջական խնդիրներ ունեն, մի ընդհանուր բան գտա՝ դեպքերի մոտ կեսը կապված էր սխալ սննդի հետ: Երբ ուզումնասիրեցի այս ոլորտը, պարզեցի, որ աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության մոտ կեսը կապված է թերսնուցման ու անառողջ սննդի հետ: Իրականում վատ սնուցումը ոչ միշտ է հանգեցնում մահվան, սակայն առաջ են բերում առողջական բազմաթիվ խնդիրներ՝ ցածր IQ-ն, գիրությունը, թույլ իմունային համակարգը: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում երեխաների 14 տոկոսը գիրություն ունի, իսկ յուրաքանչյուր 10-րդ երեխան թերաճ է: Այս ամենի նախադրյալները սկսվում են տանը՝ նորածինին կրծքով կերակրե՞լ, թե նեղություն չքաշել ու հավելյալ սնունդ տալ: Իրականում ոչ միշտ են մայրիկները կանգնում այս երկընտրանքի առաջ, քանի որ բժիշկներն են երբեմն ուղղորդում դեպի հավելյալ սնունդ»:  Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով. «Սա օգտակար ու ուսուցողական համաժողով էր: Սա մեզ համախմբող լուրջ երկխոսություն էր ու մեր գործողություններում հնչած բոլոր ելույթները կարտացոլվեն: Մենք՝ մեծահասականերս, ավելի սրտացավ ու ուշադիր պետք է լինենք երեխաների նկատմամբ մեր գործելակերպի մեջ: Մենք իրավունք չունենք անվստահ ու անհավատ լինել ապագայի նկատմամբ, իսկ երեխաները մեր ապագան լինելուց առաջ, մեր ներկա են: Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար»: Ապա դիմելով Անի Ասատուրյանին՝ ԱԺ նախագահը հուզված ասաց. «Ես համոզված եմ, որ դու՝ փոքրիկ, կդառնաս հատուկ մանկավարժ»:  Այնուհետեւ նա նվերներ հանձնեց ԱԺ հատուկ նիստին ներկա երեխաներին: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեխաներին՝ այսօրվա դաստիարակության դասի համար բոլոր մեծերին, եւ հստակ համոզված եմ մեկ սկզբունքով, որ երեխային պետք չէ զրկել ծնողներից, ուղղակի պետք է ստեղծել պայմաններ՝ իրար հետ ընտանեկան պայմաններում ապրելու»,- իր հերթին հայտարարեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: