Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխան հատուկ դպրոցում է հայտնվում, որովհետև աղջիկ է» (տեսանյութ)

Հասարակություն
mane

ՀՀ ԱԺ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նիստում, որը նվիրված էր Երեխաների համաշխարհային օրվան, ելույթ ունեցավ նաեւ Գյումրիի Ֆոտո քոլեջի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Մհերյանը, խոսելով «Յուրաքանչյուր երեխա ընտանիքում» թեմայից: Նա հուզվում էր. «Երբեւէ չէի մտածել, որ օրերից մի օր ԱԺ-ում ելույթ կունենամ: Երբեւէ լսե՞լ եք Գյումրիին հարակից «Վարդ բաղ» տարածքի մասին: Ոչ թե վարդաստանի մասին եմ խոսում, այլ այդ բաղը տնակաների ավան է՝ չնայած մինչ երկրաշարժը այն եղել է հանգստյան գոտի: Հիմա վերածվել է թշվառության ավանի: վերջերս այդ թշվառության ավանում ապրող ընտանիքներից մեկի մասին մի պատմություն կարդացի, որտեղ ապրում էր միայնակ մայրն իր երեք զավակի հետ: Նրանք մեկը մյուսից սիրուն են, սակայն սոցիալական վատ պայմաններից ելնելով՝ նրանցից ավագը ստիպված էր հաճախել Գյումրիի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Պատկերացրեք՝ նա չունի հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն, սակայն հաճախում է այդ դպրոց, քանի որ այնտեղ կարող է սնվել ու տաք անկողին գտնել: Ներկայումս նման դեպքերը շատ են՝ բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց ընտանիքից հետու ապրել՝ ծնողական խնամքից ու ջերմությունից զուրկ: 647 երեխա է ապրում միայն մանկատներում, որից 400-ն ունի հաշմանդամություն: Գիշերօթիկներում ապրում է 465 երեխա, իսկ հատուկ դպրոցներում երեխաների թիվն անցել է 2000-ը, որից 1500-ը չունի հավաստագրված հաշմանդամություն: Այս բոլոր դեպքերում երեխաների 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Երբեմն աբսուրդի են հասնում նման հաստատություններում երեխաների հայտնվելու պատճառները, օրինակ այն, որ երեխան ծնվել է աղջիկ: Լիարժեք հոգեկերտվածք ունենալու համար երեխան պետք է ապրի ընտանիքում: Ուտելիքն ու կտուրը շատ քիչ են, որպեսզի հասարակության լիարժեք անդամ ձեւավորվելու համար»:  Նա թվարկեց վիճակագրական մի քանի տվյալ՝ նշելով. «Մանկատներում յուրաքանչյուր երեխայի համար պետությունը միջինում տարեկան ծախսում է 1,5 մլն դրամ: Կարծում եմ՝ այդ գումարը կարելի էր հատկացնել՝ երեխային տուն վերադարձնելու ծրագրերին: Ես չեմ առաջարկում, որ այդ գումարը տանք ծնողներին ու ստիպենք, որ իրենց երեխային տուն վերցնեն: Ծնողին պետք է սովորեցնել մի քանի հմտություն՝ աշխատանք գտնել, ինտեգրվել հասարակությանը, կարելի ստեղծել աջակցության կենտրոններ, սակայն գիշերը երեխաները կանցկացնեն տանը»:  Այնուհետեւ, դիմելով ԱԺ-ին՝ Մանե Մհերյանը կոչ արեց վերանայել «Ընտանեկան օրենսգիրը», երեխաների իրավունքները, որպեսզի օրենսդրությունը դառնա ավելի երեխայակենտրոն:  Ելույթ ունեցավ Երեւանի Րաֆֆու անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը՝ խոսելով «Վաղ մանկական զարգացման հնարավորություն՝ յուրաքանչյուր երեխայի համար» թեմայի մասին. «Կարծում եմ՝ բոլորն էլ մրգեր սիրում են ու համաձայն եք՝ շատ ավելի հաճելի է, երբ միրգը քո ձեռքով ծառից քաղում ես, առավելեւս, երբ ծառը մեծ է ու մրգառատ: Սակայն համոզված եմ՝ մրգերից ու ծառերից առավել մարդիկ սիրում են իրենց երեխաներին: Հա, տարօրինակ է՝ ի՞նչ կապ ունեն ծառերն ու երեխաները: Հավատացեք՝ նրանք շատ նման են՝ բոլորն էլ գիտեն, որ ոչ մի ծառ հենց սկզբում չի լինում մեծ ու փարթամ, գեղեցիկ: Այդ ամենին հասնելու համար այն պետք է տնկել ու խնամել, երբ արդեն ամուր արմատներ ունենա, ապա այն կկարողանա ամուր կանգնել: Նույնն էլ երեխաներն են՝ հենց ծնված օրվանից պետք է խնամել ու նրանց տալ այն ամենը, ինչ պետք է նրանց լավ աճի համար: Երեխաներին այդ ամենից բացի նաեւ լավ կրթություն է պետք է: Հարվարդի գիտնականները պարզել են, որ երեխայի ուղեղի առանցքային զարգացման ամենակարեւոր շրջանը 0-5 տարեկանն է: Քանի որ մարդու ուղեղը տարիքի հետ կորցնում է իր ճկունությունը, անչափ կարեւոր է, որ այս տարիքում երեխայի ուղեղի զարգացման համար նպաստավոր պայմաններ լինեն: Իրենց կրթությունը երեխաները ստանում են ինչպես ընտանիքում, այնպես էլ կրթական հաստատություններում»: Նա կարեւորեց հատկապես նախակրթարանների դերը երեխաների զարգացման հարցում. «Այսօր ՀՀ-ում ապրող երեխաների միայն 28,7 տոկոսն է հաճախում նախակրթարաններ: Գյուղական համայնքներում միայն 17,2 տոկոսը: Սրանք շատ փոքր թվեր են, սակայն ավելի ցավալի է այն փաստը, որ մոտ 80 գյուղական համայնքներում նույնիսկ մանկապարտեզ չկա, 190-ում կա, սակայն չի գործում: Վերջերս առաջին դասարանի առաջին դասի էի ներկա գտնվել ու հասկացել՝ նրանք, որոնք անկաշկանդ շփվում էին, գնացել էին մանկապարտեզ, այսինքն՝ շփման փորձ ունեին, իսկ նրանք, որոնք անընդհատ լաց էին լինում, երբեւէ չէին եղել մանկապարտեզում, դրա համար իրենց համար անսովոր էր: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, որոնք գնացել են նախակրթարաններ, ապա շատ ավելի զարգացած ուղեղ ունեն ու շատ ավելի արագ են յուրացնում տարատեսակ հմտությունները: Մի վտանգավոր խնդիր էլ կա՝ Երեւանում մանկապարտեզներն անվճար են, սակայն շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխային մանկապարտեզ ուղարկել, որովհետեւ մանկապարտեզում տեղ չկա: Դրա համար շատ հաճախ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը»: