Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ կարող է փոխվել մի գիշերվա մեջ». Վահրամ Բաղդասարյանը՝ Վանաձորի ավագանու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baghdasaryan1

ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Վանաձորի ավագանու խնդրի հանգուցալուծմանը. «Մեր համաձայնագիրը ՀՎԿ-Ի հետ քաղաքական է, մենք նրանց ներքին գործերին չենք խառնվում, թե փոխքաղաքապետի իրենց թեկնածուն ինչ անցյալ ունի, իրենց խնդիրն է»։ Հիշեցնենք, Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Իսկ այդ պաշտոնում առաջարկվել է Ակա մականունով Արկադի Փելեշյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը, ըստ որի՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցրին իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը։  Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում։  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սակայն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝  չունենալով մեծամասնություն։

 «ՍԴ որոշումը հստակ է,- այսօր հայտարարում է Վահրամ Բաղդասարյանը,- ՏԻՄ օրենքի և Սահմանադրության մեջ կան հակասություններ, որոնք պետք է հարթվեն։ ՍԴ որոշումը հիմնավոր է։ Հիմա ինչ որ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը»։

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանի նախկինում արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին միացողները անբարոյական կգտնվեն. «Ավագանին իր գործողությունները կատարել է ՏԻՄ օրենքին համապատասխան։ Անբարոյականների մասով։ Քաղաքական հուշագիր ստորագրելը չի նշանակում, թե նախկինում ովքեր են ձայն տվել, նրանք հանրապետական չեն եղել, ուղղակի որոշ քաղաքական զարգացումների դեպքում կարող են հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ։ Ամեն ինչ կարող է փոխվել մի գիշերվա մեջ»։