Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զիփլայնի երկարությունը չէ էականը, այլ ծառայությունների որակը. Տիգրան Չիբուխչյան

Հասարակություն
Tigran-Chibukhchyan

Երեւանում կառուցվել է տարածաշրջանում ամենաերկար զիփլայնը. այս լուրը բուռն քննարկումների առիթ է  դարձել. ենթադրվում է, որ այն կխանգարի մարզերում տուրիզմի զարգացմանը։ Որքանո՞վ են հիմնավոր մտահոգությունները։ «Ա1+»-ը  գրավոր մի քանի հարց է ուղղել  «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանին։ Արդյո՞ք Երեւանում զիփլայնի կառուցումը կխանգարի Ենոքավանում տուրիզմի զարգացմանը։ Գիտեք, Հայաստանը արկածային զբոսաշրջության առումով զարգացման այնքան մեծ ներուժ ունի, և այս կոնտեքստում ցանկացած նոր գործունեություն՝ լինի զիփլայն, թե այլ նախագիծ, միայն  կարող է նպաստել մեր երկրում ակտիվ հանգստի ոլորտի զարգացմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանում էքսթրեմալ կենտրոնի դիրքավորմանը: Երբ ծնվեց  Հայաստանում էքսթրեմալ պարկ ստեղծելու գաղափարը, որը մեկնարկեց Զիփլայնով, շատերը չէին հավատում դրա իրականացմանը: Եվ պատճառը հիմնականում այն էր, որ չգիտեին՝ ինչ է զիփլայնը ու մենք սկսեցինք բացատրելուց, պատմելուց, ներկայացնելուց:       Գուցե  ամեն ինչ ավելի հեշտ լիներ, եթե չլինեինք առաջինն ու միակը դաշտում:   Այսօր  մենք արդեն շուկա ենք ձևավորել և միայն ուրախ ենք, որ Հայաստանում բացի Ենոքավանից այլ վայրերում ևս՝ Դիլիջանում, Ծաղկաձորում, իսկ  այժմ նաև Երևանում գործում են զիփլայներ, որովհետև արդյունքում զարգանում են ենթակառուցվածքներ, բացվում նոր աշխատատեղեր: Իսկ քաղաքային հանգստի տեսանկյունից, կարծում եմ ՝ զբոսաշրջիկների և մեր քաղաքացիների համար դա ակտիվ հանգիստը կազմակերպելու հիանալի այլընտրանք է: Այս փուլում միասին պետք է մտածենք շահագործման, անվտանգության և վերահսկման ստանդարտներ ստեղծելու և ամրագրելու մասին: Հաշվի առնելով ոլորտի ակտիվությունը՝ մենք արդեն նախաձեռնել ենք Զիփլայնի հայաստանյան ասոցիացիայի ստեղծումը՝ համագործակցելով միջազգային ասոցիացիաների հետ, որտեղ կմիավորենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին: Եթե այն լինելու է տարածաշրջանում ամենաերկարը,  զբոսաշրջիկները կհասնե՞ն Տավուշի մարզ։ Ինչպես արդեն նշեցի, 2015 թվականին «Յելլ Էքսթրիմ պարկն» իր գործունեությունը զիփլայնով մեկնարկեց:  Իսկ այսօր մենք ակտիվ հանգիստ նախընտրողներին բացի զիփլայնից առաջարկում ենք էքսթրեմալ սպորտի և ակտիվ հանգստի բազմաթիվ ուղղություններ՝  պարագլայդինգ, ռոփպարկ, ժայռամագլցում, քառանիվ մեքնայով արտաճանապարհային երթևեկություն՝ Off-road, լեռնահեծանվավազք, փեյնթբոլ, ձիով արշավներ, զորբինգ, քվեստեր և ուրիշ այլ ծառայություններ, որոնց ցանկը անընդհատ ընդլայնում ենք: Արդեն 2018 թվականին շահագործման կհանձնենք 2,7 կմ երկարությամբ զիփլայնը: Ընդգծեմ, որ երկարությունն ամենևին էական չէ. կարևոր է մատուցվող ծառայությունների որակը, անվտանգությունը  և այցելուների ակնկալիքների արդարացումը:   Օգվելով առիթից նշեմ, որ մենք արդեն մշակել ենք ներդրումային նոր ծրագիր, որն ինչպես անհատ ներդրողների, այնպես էլ ֆոնդերի ներգրավման միջոցով  հնարավորություն կտա զարգացնել և ընդլայնել «Յելլ էքսթրիմ պարկի» գործունեությունը և  էքսթրիմի սիրահար մեր այցելուներին ներկայանալ նոր և հետաքրքիր այլ արկածային զվարճություններով:   Ի՞նչ  փուլում է հիմա Ենոքավանում զիփլայնի նոր ուղիների կառուցման ընթացքը։ Ամենաերկար ճոպանն շահագործման կհանձնվի հաջորդ տարի, իսկ հիմա մեր աշխատանքը նախագծային փաստաթղթերի ավարտի փուլում է: Տեխնիկական  ճոպանը ձգված կլինի արդեն դեկտեմբերի սկզբին: Այդ ընթացքում պարկի ներսում տարբեր աշխատանքներ ևս իրականացվում են. կառուցվում են նախորդ գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր, պարբերաբար բարելավվում են արահետները, փոփոխություններ կատարվում հաճախորդների կարծիքների ու մեկնաբանությունների հիման վրա: Եվ, իհարկե,  երբ ավարտենք աշխատանքները, անպայման կիրականացնենք արդեն ավանդույթ դարձած էքսթրեմալ շրջայց և ԶԼՄ-ի ներկայացուցիչներին կներկայացնենք իրականացված հսկայածավալ գործի արդյունքները: