Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուր էլ որ գնամ Հայաստանում, ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը». դեսպան Միլս

Հասարակություն
mils

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը, որը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի, կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում: Կարիերայի տոնավաճառի մասնակիցները խորհուրդներ ստացան կենսագրական կազմելու վերաբերյալ, ունեցան քննարկումներ ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և շատ այլ հարցերի շուրջ: Տոնավաճառին մասնակցող գործատուները  ունեին շուրջ 180 թափուր տեղեր և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով:  «Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը տոնավաճառի բացման ժամանակ: Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: ԱՄՆ դեսպանությունն աշխատելով տարբեր փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ աջակցում է ձեռներեցությանը տարբեր նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝  քննարկումներ հաջողակ կին գործարարների հետ, տնտեսավարման մասին խորհուրդներ  սկսնակ ընկերությունների համար և քննարկումներ Հայաստանում հաջող բիզնես վարելու մասին:  «Ուր էլ որ գնամ Հայաստանում, ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը և ստեղծարար ոգին: ՏՏ ոլորտի ստարտափերից սկսած մինչև կայացած վերազգային կորպորոցիաներում աշխատող դիզայներներ ու ճարտարագետներ… Հայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. նրան են իրական ձեռներեցները», - նկատեց դեսպան Միլսը: