Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատավոր կա, որ ասում է՝ սանրվածքս լավ չէ, մի նկարեք»

Քաղաքականություն
Arman-Gharibyan

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի արգելվում դատական նիստերի տեսանկարահանումն ու լուսանկարահանումը: Բայց որոշ դեպքերում այն կարող է սահմանափակվել, ընդհուպ մինչև արգելվել դատավորի որոշմամբ: «Օրենսդրական առումով դաշտը կարգավորված չէ, և տարբեր դատավորներ տարբեր մոտեցումներ են դրսևորում։ Որքան հանրային և թափանցիկ լինի դատական նիստը, այնքան ավելի շատ կարող ենք ակնկալել արդար դատավճիռ»,-նշում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Ղարիբյանը։ Թեմայի շուրջ անցկացվել է հետազոտություն, որի նպատակն էր վերհանել տեսա և լուսանկարահանման հետ կապված խոչընդոտները, սահմանափակումներն ու արգելքները: Լրագրողները խորքային հարցազրույցների արդյունքում 3 հիմնական խնդիր են առանձնացրել։ Առաջինը տեսանկարահանման արգելքն է առհասարակ, երբ դատավորն արգելում է դա, երկրորդը տեսա և լուսանկարահանման սահմանափակումն է։ Սա սովորաբար ժամանակային սահմանափակումն է, և երրորդը տեխնիկական սահմանափակումն է։ «Օրենքն այնպիսին է, որ դատավորը որոշում կայացնելիս կողմերի կարծիքը պետք է հաշվի առնի, և պատճառաբանությունները կարող են ամենատարբեր լինել, անգամ ծիծաղելի։ Օրինակ՝ ոստիկանության ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ ինձ մի նկարահանեք, որովհետև ես կին եմ, այնինչ՝ դատավարության մասնակիցները պետք է սեռից զուրկ լինեն, այսինքն՝  իրենք ուղղակի հանդես են գալիս ի պաշտոնե։ Կարող են ասել  ես հարս, թոռ ունեմ և չեմ ուզում լուսանկարը տեսնեն։ Մեկ այլ դեպքում կարող է ասել՝ ես չեմ ուզում, որ իմ լուսանկարը ֆեյսբուքում լայքեն։ Այսպիսի ծիծաղելի պատճառաբանություններով դատավորները կարող են տեղի տալ և արգելել լրագրողներին տեսանկարահանում և լուսանկարահանում անելը։ Էլ ավելի զավեշտալի է, երբ կողմերից ոչ մեկը չի առարկում, սակայն արձանագրվում են դեպքեր, երբ դատավորն իր ցանկությամբ պարզապես արգելում է»,- նշեց Արման Ղարիբյանը։ Արման Ղարիբյանի խոսքերով՝ արգելք կարող է լինել այն, որ դատավորը չի համակրում լրագրողին կամ լրատվամիջոցը: «Սահմանափակման ծիծաղելի դեպքերից է, երբ դատավորներն ասում են, որ իրենք կաշկանդվում են տեսախցիկներից։ Դատավոր կա, որ կարող է ասել՝ սանրվածքս լավ չէ, խնդրում եմ մի նկարեք։ Նման իրավիճակներ են լինում, երբ մենք օրենսդրական դաշտից տեղափոխվում ենք մարդկային, ընկերական, «ախպերական» դաշտ»,- ասաց  ՀԿ ղեկավարը։ Հետազոտության շրջանակներում անցկացված հարցումները  ցույց են տվել, որ ամեն 4-րդ դեպքում, երբ դատավարության մասնակիցները դեմ չեն տեսա և լուսանկարահանմանը, այնուամենայնիվ, դատավորը թույլ չի տվել իրականացնել այն: Որպես ամփոփում՝ Արման Ղարիբյանը հավելեց, որ պատրաստել են 5 օրենքի նախագիծ, որով առաջարկում են հստակեցնել լուսանկարահանման իրավունքը: