Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ արվում է այն որակով, ինչ որակով որ համապետական ընտրությունները»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram

ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածն այլընտրանք չունի այն երկրի համար, որտեղ երկու հարեւանների կողմից փակ սահմաններ կան. «Ճանապարհի կառուցման ու գոյության ճակատագիրը քննարկման ենթակա չէ, դա միանշանակ անհրաժեշտ է: Իսկ ճանապարհի որակի մասով մեր ու ՀՀԿ-ական պատգամավորների տեսակետները տարբերվում են մի պարզ պատճառով, որ այս երկրում ամեն ինչ արվում է այն որակով, ինչ որակով որ իրականացվում են համապետական ընտրությունները»:  Հարցի քննարկումը ավարտվեց: ԱԺ-ն սկսեց արդեն քննարկված նախագծերի քվեարկությունները: «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների անելու մասին նախագծի քվեարկումից առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԵԼՔ-ը միանշանակ կողմ է քվեարկելու, քանի որ սա առաջադիմական նախագիծ է. «Սակայն ուզում եմ հասկանալ՝ երբ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ-ից, ինչո՞ւ այդպես միանգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ է»:  «Մեր ներկուսակցական խնդիրներով մի զբաղվեք, հանգիստ եղեք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ուրախ եմ, որ առաջադիմությունը փաստելով՝ կողմ եք քվեարկելու, պարոն Միրզոյան: Իսկ ինչ վերաբերում է սաստելուն՝ ես հայտարարեցի, որ իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից՝ հաշվի առնելով, որ հանձնաժողովում կարող ենք մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու որեւէ խնդիր չկա, խնդրում եմ չխեղաթյուրել»,- հայտարարեց նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Ամեն»,- կրկին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Խնդրում եմ՝ չքաղաքականացնել ու սեփական համոզմունքների ու խղճին համահունչ քվեարկել»,- կոչ արեց ԱԺ նախագահ, Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը:  Նախագիծն անցավ 56 կողմ, 2 դեմ, 23 ձեռնպահ ձայներով: 2 դեմ ՀՀԿ-ից էր, իսկ ձեռնպահ էին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: ԵԼՔ եւ «Ծառուկյան» խմբակցությունները միահամուռ դեմ եղան Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Քվեարկված 20 նախագծերից 12-ը միաձայն ընդունվեցին: ԱԺ քառօրյան ավարտվեց: