Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չե՞ն եղել ուղեղով մարդիկ, որ այդ ամենը հաշվարկեին». Տ. Ուրիխանյանի հարցը

Քաղաքականություն
urikhanyan

ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն են եղել խորհրդատվական ծախսերը, քանի որ դրանք բավականին շատ են եղել. «Մի իրավախորհրդատու չի եղել, որ այդ ամենը կանխատեսեր: Չե՞ն եղել մարդիկ ուղեղով, որ այդ ամենը հաշվարկեին, որպեսզի պատուհաս չդառնա այդ ճանապարհը մեզ համար: Որակի վերաբերյալ՝ ինչո՞ւ է բետոնածածկի որակը ավելի ցածր, քան հարեւան երկրում 10 տարի առաջ կառուցվածինը»:  Սամվել Խաչատրյանը նշեց, որ գնումների գործընթացն իրականացվել է Ասիական զարգացման բանկի միջոցով ու պահանջով. «Համաձայնագիրը ստորագրելիս ՀՀ-ն պարտավորություն է վերցրել, որ պետք է իրականացնի բանկի բոլոր պահանջները»:  Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց՝ ասելով. «Ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում այդ խորհրդատուները. նրանց վճարվել է նրա համար, որ այդ խնդիրները չլինեին: Պետք է ասել, հարգելի բանկ, ատկա՞տ ես պահանջել, թե՞ օբյեկտիվ խնդիր ես դրել»:  Սամվել Խաչատրյանը վստահեցրեց, որ ոչ մի կապալառու չի վճարվում, եթե իրականացված աշխատանքը անհրաժեշտ ընթացակարգերին համապատասխան չէ: Եղել է ճանապարհահատված, որ անգամ քանդվել է»:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի համար ժամկետների փոփոխության հետ կապված պարզաբանումը այնքան էլ հասկանալի չէր. «Ինչքա՞ն է այդ գումարը կազմում, որքա՞նն է այս պահին օգտագործված ու ի՞նչ ծավալի աշխատանքներ են մնում մինչեւ ճանապարհի կառուցման ավարտը»: Սամվել Խաչատրյանը նշեց, որ տրվել է 500 մլն դոլարի վարկ՝ Տրանշ1-ի դեպքում ծախսվել է 60 մլն դոլար, Տրանշ2-ի եւ Տրանշ3-ի դեպքերում՝ 330 մլն դոլար. «170 մլն դոլարի չիրացված գումար կա, որի համար նախարարությունը պատրաստում է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի նախագծումը, որը կհանձնի Կառավարության դիտարկմանը: Տրանշ2-ի դեպքում աշխատանքների 40 տոկոսն է իրականացված, տարեվերջին կունենանք 60 տոկոսի կատարում: Տրանշ 3-ի դեպքում ունենք 17 տոկոսի կատարողական, տարեվերջին կունենանք 30 տոկոսի կատարողական»: