Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի նախագիծը ոչ միանշանակ է ընդունվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karebn-avagyan

ԱԺ-ում այսօր ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի ներկայացրած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների կատարելու մասին նախագծի քննարկմանը, որը վերաբերում է ՔԿՀ-ներում բժիշկների մասնագիտական գործունեության ժամանակ բռնության կանխարգելմանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ներկայացված իրավադրույթը խոցելի է, եւ հավանականությունը մեծ է, որ ընդունվելու դեպքում կամ չի կիրառվի կամ չարաշահումների տեղիք կտա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը՝ անկախ նրանից դա կկիրառվի բժիշկների, լրագրողի, թե հանքափորի նկատմամբ. «Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն: Որպես նախկին լրագրող՝ ես, արդեն որպես պատգամավոր, հանդես եմ գալու նախաձեռնությամբ, որպեսզի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու շատ ավելի խստացված իրավակարգում լինի: Ի՞նչ ասել այն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին կանգած ասում է՝ ադրենալին չունեմ, որ ստիմուլյացիա անեմ, գնացեք ապտեկայից դեղ առեք: Բռնությունը առանձին մասնագիտություններով տարբերակել պետք չէ, Քր.Օր-ով արդեն կա այդ մասին: Եթե դնում ենք տարբերակումներ, ուրեմն այսօր ավելի շատ բռնության են ենթարկվում լրագրողները: Եթե այդպես է, ապա եկեք Քր.Օր-ը ծանրաբեռնենք ու առանձին մասնագիտություններով գրենք՝ չի կարելի բռնություն»: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին նկատեց. «Եթե Քր.Օր-ում լրագրողների նկատմամբ բռնությունն առանձնացված է, ապա դա կոչված է ապահովելու մամուլի ազատությունը»: ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում հայտարարեց, որ այս տեսքով այս օրինագիծը ԱԺ բերելը ժամանակավրեպ է, քանի որ մի շարք հարցերի պատասխաններ չի տալիս. «Եթե տեսնենք, որ լրագրողների նկատմամբ բռնությունների ծավալին է հասնում նաեւ բժիշկների նկատմամբ բռնությունները, ապա, այո, նրանց նկատմամբ բռնությունը եւս կարելի կլինի ամրագրել օրենքում»: